Ավետիսյանների հարազատները գլխավոր դատախազին «մեկ օր ժամանակ տվեցին»

UntitledԳյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները գնացել են Շիրակի մարզի դատախազություն և շենքի մոտ որոշ ժամանակ մնալուց հետո բարձրացել մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակ։

Ինչպես երևում է Ազատություն ռադիոկայանի ուղիղ հեռարձակումից, Ավետիսյանների հարազատները դատախազին տեղեկացնում են, որ հունվարի 12-ի ոճրագործությունից արդեն 40 օր է անցել, սակայն իրենք որևէ պարզաբանում դեռ չեն ստացել` կապված սպանության հանգամանքների հետ։

Ավետիսյանների հարազատները մարզի դատախազից պահանջում են Գյումրի հրավիրել Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ սպանդի բացահայտման շուրջ ընթացող գործողություններին ծանոթանալու համար։

Ասլանյանը Ավետիսյանների հարազատներին խորհուրդ է տվել բողոք-դիմում գրել ուղղված գլխավոր դատախազին՝ խոստանալով բողոքը փոխանցել նրան, և հարկ եղած դեպքում նաև հանդիպում կազմակերպել։

«Տվյալ քրեական գործով Շիրակի մարզի դատախազությունը որևէ իրավասություն չունի»,- ասել է Ասլանյանը։

Ավետիսյանների իրավահաջորդները գլխավոր դատախազից մասնավորապես ցանկանում էին տեղեկանալ, թե որտեղ է պահվում գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովը, ինչ բովանդակություն ունի նամակը, որ գործի առնչությամբ Կոստանյանն ուղարկել է Ռուսաստանի իր պաշտոնակցին և այլն։

Ասլանյանը Ավետիսյանների հարազատներին հորդորել է դուրս գալ իր աշխատասենյակից և չխոչընդոտել իր աշխատանքը։

«Ես ձեր ցավը հասկանում եմ, ըմբռնումով եմ մոտենում, բայց ամեն ընտանիք չի կարող գալ ու նստել դատախազությունում… եթե գործի վերաբերյալ տվյալներ եք ուզում, գրավոր դիմեք վարույթ իրականացնող մարմնին»,- ասել է Ասլանյանը։

Դատախազի աշխատասենյակ են եկել նաև ոստիկանները, զրույցը շարունակվել է փակ դռների հետևում՝ առանց Շիրակի մարզի դատախազի ու լրագրողների, որից հետո Ավետիսյանների հարազատները դուրս են եկել աշխատասենյակից՝ հայտարարելով, որ գլխավոր դատախազին Գյումրի գալու և իրենց հարցերին պատասխանելու համար մեկ օր ժամանակ են տալիս, հակառակ դեպքում կսկսեն բողոքի ցույցեր:

***Հունվարի 12-ին Գյումրիում սպանդի էր ենթարկվել Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը։ Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։

Պերմյակովի ձերբակալությունից հետո ի պատասխան պահանջների, որ նա հանձնվի Հայաստանի իրավազորությանը, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ դա թույլ չի տալիս ՌԴ սահմանադրությունը։

Գյումրիում հունվարի 14-ին և 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցները շարունակեցին պահանջել Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավազորությանը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ցուցարարներին ասաց, որ «տղամարդավարի խոստանում է» հարցի առնչությամբ դիմել Ռուսաստանի իր պաշտոնակցին:

Փետրվարի 3-ին գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Պերմյակովին ՀՀ իրավազորությանը հանձնելու միջնորդությամբ դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազին։ Մի շարք լրատվամիջոցներ, սակայն, կասկածի տակ են դնում, որ հայկական կողմն իսկապես այդ հարցով դիմել է ռուսական կողմին։