Պոլսի հայությունը կկարողանա՞ ընտրել նոր պատրիարք

patrik2Փետրվարի 11-ին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել էր, որ հնարավոր է անցկացնել պատրիարքական ընտրություններ, եթե Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ II Մութաֆյանի առողջական վիճակի մասին փաստող զեկույց լինի (2008-ից Մեսրոպ պատրիարքը գտնվում է Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում՝ անգիտակից վիճակում-ՍիվիլՆեթ):

«Ակօսը» տեղեկացնում է, որ գոյություն ունի 2008 հուլիսին և նոյեմբերին պատրաստված և մինչև օրս չհրապարակված երկու զեկույց, որոնք փաստում են, որ Կ. Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը տառապում է ալցհեյմերի (Frontotemporal Demans) հիվանդությամբ: Ըստ զեկույցի՝ հիվանդությունն անբուժելի է, զրկում է որոշում կայացնելու կարողությունից և գիտակցության կորստի պատճառ դառնում:

Բժիշկներն գտնում են, որ զեկույցում առկա հիմնավորումները բավական են հաստատելու համար, որ Մութաֆյան պատրիարքը այլևս չի կարող կատարել իր պարտականությունները: Դրանից հետո պետք էր դիմել դատաբժշկական փորձաքննության, սակայն պատրիարքարանը մինչ օրս նման քայլ չի արել: «Ամբողջ համայնքը տեղյակ է զեկույցների գոյության մասին, այլևս որևէ պատրվակ չի մնացել, որ պատրարքական ընտրություններ չկազմակերպվեն»,- գրում է Ստամբուլում լույս տեսնող թերթը:

Ինչո՞ւ չեն անցկացվում պատրիարքի ընտրությունները. այս մասին «Ակօսի» լրագրող Պարույր Քոյումջյանը զրուցել է Ստամբուլի հայ համայնքի նշանավոր դեմքերից Թադեոս Բեբեքի հետ:

Հավաքի ժամանակ հենց Դուք բարձրացրիք պատրիարքի ընտրության հարցը: Ի՞նչ պատասխան ստացաք:

Արդեն հինգ տարի պատրիարք չի ընտրվում: Աշխարհում չկա նման մեկ այլ նախադեպ: Հանձնաժողովի մեծ մասը բաղկացած է աշխարհիկներից և հնարավորություն ունենք ժողովրդավարական ընտրություն կազմակերպել: Ցավոք, 5 տարի է անցել, բայց, նաև մեր համայնքի նշանավոր մարդկանց պատճառով, ստեղծվել է մի նոր հասկացություն՝ պատրիարքի փոխանորդ և, վկայակոչելով դա, ընտրություններ չեն անցկացվում: Սա հակասում է մեր դարավոր ավանդույթին և սովորույթներին: Համայնքը չկարողացավ ընտրել պատրիարք, թեև ընտրության տերն ինքն է: Պատրիարքական փոխանորդը չի ընտրվել, չունի օրինականություն և չի կարող ներկայացնել համայնքի շահերը:

Դավութօղլուն հայտնեց, որ պատրիարքական ընտրություններ անցկացնելու համար որևէ խոչընդոտ գոյություն չունի: Իսկ փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարեց, որ եթե Մեսրոպ պատրիարքի առողջական դրության վերաբերյալ զեկույց լինի, որտեղ նշվի, թե նա չի կարող այլևս ստանձնել իր պարտականությունը, կարող են անցկացվել ընտրություններ: Համայնքի մեծ մասը տարիներ շարունակ կարծում է, թե պատրիարքի ընտրության հարցում խնդիրը պայմանավորված է պետության դիրքորոշմամբ: Այժմ, երբ նման հայտարարություն անում է պետության առաջին դեմքը, պետք է անհապաղ առողջապահական զեկույցը հասցնել պատկան մարմիններին:

Իսկ ինչո՞ւ է պատրիարքարանն անտարբեր, երբ այսքան աղմուկ է բարձրացել:

Կարծում եմ՝ արքեպիսկոպոս Աթեշյանը լավ առաջնորդ չէ: Գուցե ընտրություններ լինեն և նա հաղթի, սակայն առանց ընտրությունների՝ նա օրինական չէ: Այս պահին համայնքն առաջնորդ չունի: 100 տարի առաջ տեղի ունեցածի (Ցեղասպանության-ՍիվիլՆեթ) հետևանքով հայկական համայնքը չափազանց պասիվ է: Կան մարդիկ, որոնք ցանկանում են ստատուս-քվոն պահպանել և շարունակել իրենց տեղում նստած մնալ: Երբ հարցուփորձ ես անում՝ բոլորը տիրող վիճակից դժգոհ են, երբ ասում ես՝ դե մի բան անենք, արձագանք չկա:

Պատրիարքարանի ընտրություններն անխուսափելի են թվում: Ի՞նչ պետք է անել ընտրություններին հնարավորինս շատ մասնակցություն ապահովելու համար:

Երբ ամեն ինչ հստակեցվի և ընտրությունների անցկացման վերաբերյալ որոշում ընդունվի՝ համայնքն էլ գործի կանցնի: Համայնքն այս պահին շատ երկչոտ է: Նրանք կարծում են, որ իրենց պահանջները ոչինչ չեն կարող փոխել: Համայնքում տարածված է հետևյալ մոտեցումը՝ «պետությունը չի ցանկանում»: Այդպես չէ. վարչապետի հետ զրույցից պարզ դարձավ, թե ով չի ցանկանում պատրիարքի ընտրություն անցկացնել:

Հարցազրույցից հետո «Ակօսը» արել է հետևյալ եզրակացությունը.

2014թ. վերջին՝ պատրիարքական ընտրություններ անցկացնելու պահանջով Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին այցելել է պոլսահայերի բազմամարդ մի պատվիրակություն: Աթեշյանը հայտարարել էր, որ կարվեն բոլոր անհրաժեշտ քայլերը: Ամիսներ անցան, սակայն նա ընտրություն կազմակերպելու ուղղությամբ որևէ քայլ չնախաձեռնեց: Դրանից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թուրքական Millyet թերթին տված հարցազրույցում հակառակ հայտարարությունն արեց․ պարզվեց, որ նա ընտրություն կազմակերպելուն կողմ չէ:

Ըստ թերթի՝ դատարկ դուրս եկան բոլոր այն խոսքերը, թե նոր ընտրությունների անցկացումը չեն ցանկանում Մութաֆյան պատրարքի մայրը, թուրքական պետությունը և այլն: Ըստ թերթի՝ հուլիսին և նոյեմբերին պատրաստված զեկույցները մինչ օրս թաքցվել են հայ համայնքից: Զեկույցից հետո պետք էր դիմել դատաբժշկական փորձաքննության: Պատրիարքարանը մինչ օրս նման զեկույց պատրաստելու համար որևէ դիմում չի ներկայացրել, գրում է «Ակօսը»:

Մեկնաբանել