Երևանում տրանսպորտի 50 տոկոս կրճատում չի լինի

MHM76214 copyԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքել է քաղաքային տրանսպորտի 50 տոկոսով կրճատման վերաբերյալ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը: Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Տարոն Մարգարյանը հանձնարարել է նման դեպքերում արագ արձագանքել իրականությանը չհամապատասխանող լուրերին:

«Շրջանառվող ապատեղեկատվությանը, որ քաղաքային տրանսպորտը 50 տոկոսով կրճատվելու է, պետք էր արագ արձագանքել, առավել ևս, որ մենք որոշակի աշխատանքներ ենք տանում բնակչության համար պատշաճ և առավել հարմարավետ սպասարկում ապահովելու ուղղությամբ: Բոլորդ գիտեք, որ քայլեր են ձեռնարկվում գործող երթուղիներում տրանսպորտային լրացուցիչ միջոցներ ներգրավելու ուղղությամբ, ուստի ապատեղեկատվության դեպքում ուղղակի պարտավոր եք միանգամից արձագանքել, որպեսզի ավելորդ խուճապ չառաջանա մեր բնակչության շրջանում»,- ասել է Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանում փետրվարի 23-ին տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Խորհրդակցությանը զեկուցվել է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղափոխման համար հատուկ վերելակներով կահավորված հասարակական տրանսպորտի 10 ավտոբուսները փորձարկումից հետո հանձնվել են շահագործման: Պատասխանատուներին հանձնարարվել է շահառու հասարակական կազմակերպությունների հետ մեկ անգամ ևս քննարկել բոլոր այն երթուղիները, որոնք առավել նպատակահարմար են հարմարեցված ավտոբուսների շահագործումը կազմակերպելու համար: