Վատիկանը Գրիգոր Նարեկացուն շնորհել է «Տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս

GrikorNarekaci_Hatuktxtakic_erkir_20111112_103026Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել է «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս, հաղորդում է Վատիկանի ռադիոն:

Վատիկանի ռադիոյի կայքում զետեղված լուրում ասված է, որ Ֆրանցիսկոս պապը ունկնդրել է Սրբերի դատի ժողովի կառավարիչ կարդինալ Անջելո Ամաթոյին և ունկնդրության ընթացքում վավերացրել Սրբերի դատի ժողովի կարդինալական դասին և եպիսկոպոսների լիանիստ ժողովի դրական վճիռը՝ «Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս» շնորհելու Սուրբ Գրիգոր Նարեկացուն: Վատիկանի ռադիոն հիշեցնում է, որ Նարեկացին հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա էր, և համարվում է հայ գրականության վերածննդի հիմնադիրը։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունն է «Մատյան Ողբերգության»-ը, որ ավելի հանրածանոթ է որպես «Նարեկ» աղոթագիրք»:

Նարեկացու կյանքի ու կենսագրության մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում, Վանա լճի հարավային ափի մոտ գտնվող Նարեկ գյուղում՝ 951թ.։ Նա Անձևացի գավառի Խոսրով եպիսկոպոսի որդին էր։

Մանուկ հասակում, հաղորդում է Վատիկանի ռադիոն, Նարեկացին հաճախել է Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքը, որտեղ եղբոր հետ միասին դաստիարակություն է ստացել Անանիա Նարեկացու կողմից։ Ուսումն ավարտելուց հետո Գրիգոր Նարեկացին վարդապետ է ձեռնադրվել Նարեկավանքում և ստացել վանքի Նարեկ անունը։

Սուրբ Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003թ. և թաղվել Նարեկավանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար մինչև 1915թ., երբ Նարեկավանքը Հայոց ցեղասպանության ժամանակ հիմնովին քանդվել է։