ԱՄՆ ՄԶԳ-ն ողջունել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծումը

USAIDԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) շարունակելու է ակտիվ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ և օժանդակելու է տարբեր բնագավառներում բարեփոխումների իրականացմանը. փետրվարի 23-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրեն Սյուզան Ֆրիցը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը:

Ինչպես հաղորդում է կառավարության տեղեկատվության վարչությունը, Հովիկ Աբրահամյանն արդյունավետ և բարձր է գնահատել ՀՀ կառավարության ու ԱՄՆ ՄԶԳ-ի միջև համագործակցությունը, ինչպես նաև տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակությունը: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է նոր խորհուրդ, որը «գործելու է բաց և թափանցիկ և իր ուշադրության կենտրոնում է պահելու կոռուպցիոն դրսևորումների դեմ քայլերի իրականացման աշխատանքները»:

Սյուզան Ֆրիցը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է ակտիվ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ և օժանդակելու է տարբեր բնագավառներում բարեփոխումների իրականացմանը: Նա ողջունել է նման կազմով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծումը և վստահություն հայտնել, որ այն կաշխատի արդյունավետ:

***

Փետրվարի 19-ին ՀՀ կառավարությունը ստեղծեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը նախագահելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդի կազմում է նաև ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված անձանցից շատերը մեծ հարստություն են կուտակել պետական պաշտոններում իրենց պաշտոնավարման տարիներին։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնեսների մասին հոդվածաշար էր հրապարակել «Հետք» պարբերականը («Հովիկ Աբրահամյանի բիզնեսը սահմաններ չունի»)։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին կամ նրա մերձավորներին են պատկանում մի շարք խոշոր բիզնեսներ, այդ թվում «Յուքոմ» ընկերությունը, «Երևան Մոլ» առևտրի կենտրոնը, սննդամթերքի ներկրմամբ զբաղվող «Ապեյրոն» և «Չիմեգ» ընկերությունները, «Նոր Զովք» խանութների ցանցը, թանկարժեք ժամացույցների և զարդերի «Խրոնոգրաֆ» խանութը: Խաչատրյանի հետ փոխկապված ընկերությունները Հայաստան խոշորագույն սննդամթերք ներկրողներից են։

2014թ․ Գագիկ Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում իր և կնոջ անունով ընդհանուր հայտարարագրել է ավելի քան 2.7 մլրդ դրամի չափ գումար։

Մեկնաբանել