ԱՄՆ-ը կոչ է անում հանձնել ադրբեջանցի «երկու բանտարկյալներին»

US-UKRAINE-DIPLOMACY-PSAKIՄիացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և այլոց միջոցով միջնորդել էր ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտված «երկու բանտարկյալներին Ադրբեջանի կառավարությանը հանձնելու օգտին». փետրվարի 23-ի ամենօրյա ճեպազրույցում այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին` պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ը ինչ է ակնկալում մարդասիրական քայլ ասելով, և արդյոք արդարացված կլինի դա:

Անցած շաբաթ տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի օգնական  Վիկտորյա Նուլանդը, լրագրողների հետ խոսելով Լեռնային Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի մասին, ասել էր, որ տեղի է ունեցել սոսկալի հանցագործություն, բայցևայնպես հայկական կողմին կոչ էր արել կատարել մարդասիրական քայլ և նրանց հանձնել Ադրբեջանին:

«Մենք, ինչպես և Նուլանդը, համապատասխան իշխանություններին կոչ ենք արել վերադարձնել երկու բանտարկյալներին Ադրբեջանի կառավարությանը: Կողմերը, որպես կանոն, նախկինում գտել են բանտարկյալներին վերադարձնելու միջոց` որպես մարդասիրական քայլ, և այդպիսի մարդասիրական քայլերը նպաստել են լարվածությունը նվազեցնելուն ու կողմերի միջև վաստահությունը ամրապնդելուն»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության խոսնակը, «Մեդիամաքս» գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ «դատարանի որոշումները պետք է հարգվեն և պահպանվեն բոլորի կողմից, ինչպես որ ընդունված է ամբողջ զարգացած աշխարհում»:

***

Ադրբեջանցի դիվերսանետներ Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևը և Հասան Հասանովը Լեռնային Ղարաբաղի տարածք էին ներթափանցել 2014թ. հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ ձեռնարկած հետախուզադիվերսիոն փորձի արդյունքում, որը կասեցվել էր: Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել էր հայ սպա և վիրավորվել մեկ կին: Դիվերսանտները սպանել էին նաև Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Ցականյանին: Ադրբեջանի իշխանությունները հուլիսի 11-ին դիմել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտե` իրենց քաղաքացու գերի ընկնելու կապակցությամբ:

Հուլիսի 14-ին Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողության արդյունքում Հասան Հասանովը մահացել էր: Նրա դին ԼՂՀ իշխանությունները հոկտեմբերի 2-ին հանձնել են ադրբեջանական կողմին:

ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղում դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման: