Կոստանյանի միջնորդությունը քննարկվում է ՌԴ դատախազությունում

prosecutor-generals-officeՀայաստանի գլխավոր դատախազության՝ Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային Գյումրիի սպանդի գործով ուղարկված միջնորդությունն այժմ քննարկվում է Ռուսաստանի դատախազության կողմից. այս մասին ասված է ՀՀ գլխավոր դատախազության փետրվարի 24-ի հաղորդագրության մեջ:

Դատախազությունն իր կայքում հրապարակել է նաև Ռուսաստանի գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը՝ նշելով, որ դա անում է «ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար»:

Դատախազությունը չի հրապարակում միջնորդությունը, քանի որ «այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»:

Գլխավոր դատախազությունը փետրվարի 3-ին հայտարարել էր, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազին՝ Գյումրիում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ: Մի շարք լրատվամիջոցներ, սակայն, կասկածի տակ են դնում, որ հայկական կողմն իսկապես այդ հարցով դիմել է ռուսական կողմին։

***Հունվարի 12-ին Գյումրիում սպանդի էր ենթարկվել Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը։ Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։

Պերմյակովի ձերբակալությունից հետո ի պատասխան պահանջների, որ նա հանձնվի Հայաստանի իրավազորությանը, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ դա թույլ չի տալիս ՌԴ սահմանադրությունը։

Գյումրիում հունվարի 14-ին և 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցները շարունակեցին պահանջել Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավազորությանը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ցուցարարներին ասաց, որ «տղամարդավարի խոստանում է» հարցի առնչությամբ դիմել Ռուսաստանի իր պաշտոնակցին:

9652379123_big

Մեկնաբանել