«Մեր հայրենիքը հայերից մաքրելու 100-ամյակը շնորհավոր լինի». ցուցանակ Ստամբուլում

«Մեր հայրենիքը հայերից մաքրելու 100-ամյա տարեդարձը շնորհավոր լինի: Մենք հպարտանում ենք մեր փառահեղ նախնիներով»:

Demokrathaber լրատվական կայքը ծանուցում է, որ այսպիսի վերտառությամբ ցուցանակ է հայտնվել Ստամբուլի կենտրոնական թաղամասերից մեկի Գալաթասարայ հրապարակում: Նախաձեռնության հեղինակը «Երիտասարդ Աթսըզներ» կազմակերպությունն է, (կազմակերպությունը կոչվում է թուրք գործիչ, պանթուրքիզմի համոզված պաշտպան Նիհալ Աթսըզի անունով- ՍիվիլՆեթ), որը փետրվարի 22-ին հավաք էր կազմակերպել Ստամբուլում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած և 1994թ. ավարտված ղարաբաղյան պատերազմի տարիներին Խոջալու բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունը պատրվակ բերելով՝ ծայրահեղական խմբերը երեկ Ստամբուլում կազմակերպել են շովինիստական ակցիա՝ այն վերածելով հայ ժողովրդի դեմ ռասիստական և թշնամական հարթակի »,- տեղի ունեցածը մեկնաբանում է Demokrathaber-ը:

Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում տեղի ունեցած հավաքի մասնակիցները գովեստի խոսքեր են հնչեցրել Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներից Օգյուն Սամասթի հասցեին: Հնչել են նաև հակաքրդական հայտարարություններ: Մասնակիցներն իրենց ձեռքին ունեցել են Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները:

Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը դիմել է Ստամբուլի նահանգապետարանին՝ պահանջելով կանխել հավաքը: Նահանգապետարանի գրավոր պատասխանում ասվում է, որ հավաքն արտոնված չէ:

Demokrathaber-ը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ այս պաստառը թեև կախված է եղել պետական հաստատությունների հարևանությամբ, սակայն երկար ժամանակ որևէ քայլ չի իրականացվել այն հեռացնելու համար: Միաժամանակ կայքը գրում է, որ կառավարության անդամներից կամ պետական ապարատից որևէ մեկը չի մասնակցել հավաքին:

«Երիտասարդ Աթսըզները» նման ցուցանակներ են կախել նաև Թուրքիայի այլ շրջաններում՝ Մանիսայում, Օրդույում, Մուղլայում: Թուրքիայում սոցցանցերի օգտատերերը դրանք համարում են 1915թ. էթնիկ զտումների և Հայոց ցեղասպանության իրողության յուրահատուկ խոստովանություն:

«Երիտասարդ Աթսըզներ» ծայրահեղական կազմակերպությունը նախկինում էլ հանդես է եկել հակահայկական ցույցերով: Նրանք ցույցերից մեկի ժամանակ պարզել էին հետևյալ պաստառը. «Եթե մեր հայրերը ցեղասպանություն անեին՝ մի հայ անգամ կենդանի չէր մնա»: Թուրքական Radikal-ը, անդրադառնալով «Երիտասարդ Աթսըզներ»-ի գործունեությանը, գրում է, որ նրանք սնվում են ադրբեջանական միջոցներից:

Մեկնաբանել