ՀԲ-ն կաջակցի ավագ դպրոցների հիմնանորոգմանը

Հայաստանում Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից իրագործվող կրթության զարգացման վարկային ծրագրի հիմնական բաղադրիչն ուղղվելու է ավագ դպրոցների հիմնանորոգմանը, շենքային պայմանների արդիականացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը: Կրթության և գիտության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ծրագրի վերաբերյալ հարցերը փետրվարի 24-ին քննարկել են նախարար Արմեն Աշոտյանը և ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին:

Հիմնանորոգման ծրագրում ընդգրկված է մոտ երկու տասնյակ դպրոց: Ծրագիրն արդեն մեկնարկել է. այժմ ընթացքի մեջ են նորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն ու մրցույթների նախապատրաստական աշխատանքերը:

Արմեն Աշոտյանը ՀԲ ներկայացուցչին առաջարկել է դպրոցաշինական ծրագրերի իրագործումն ավելի մեծ տեմպով կազմակերպել՝ հնարավորության դեպքում աշխատանքներն սկսելով միաժամանակ ավելի մեծ թվով ավագ դպրոցներում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի իրագործմանն առնչվող կազմերպչական մի շարք հարցեր:

Մեկնաբանել