Ստեղծվում է «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»

nk tatik papik (4)Լեռնային Ղարաբաղի կառավարությունը «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ» է ստեղծում: Ինչպես հաղորդում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, համապատասխան որոշման նախագծին Արցախի կառավարությունը հավանություն է տվել փետրվարի 24-ի նիստին:

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի խոսքով` հիմնադրամը ստեղծվել է պետական ֆինանսական աջակցությամբ սոցիալական ծրագրեր իրականացնելու, մասնավորապեսՙ արտոնյալ պայմաններով առանձին խմբերի անձանց բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու համար:

Հիմնադրամը կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված ոչ առևտրային կազմակերպություն է, որի  պետական կառավարման լիազոր մարմինը հանդիսանում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում պետք է իրականացվի հիմնադրամի  պետական գրանցումը,  որից հետո եռամսյա ժամկետում վարչապետի հաստատմանը ներկայացվի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը: Փետրվարի 24-ի նիստին ԼՂ կառավարությունը հաստատել է հիմնադրամի կանոնադրությունը, որով կարգավորվելու է կառույցի գործունեությունը: