Ղրիմում բնակվող մարդիկ արել են իրենց ընտրությունը. Պուտին

Putin Interview «Ղրիմում բնակվող մարդիկ արել են իրենց ընտրությունը»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմը հնարավոր չի համարում: «Նման ապոկալիպտիկ սցենար դժվար թե հնարավոր լինի: Հուսով եմ՝ գործը դրան երբեք չի հասնի»,- Համառուսաստանյան պետական հեռուստա և ռադիոհեռարձակող ընկերությանը տված հարցազրույցում ասել է նա:   

Մեկնաբանելով Ղրիմը վերադարձնելու մասին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հայտարարությունը՝ Պուտինը նշել է, որ դա «ռևանշիստական բնույթի բան է»:

«Ինչ վերաբերում է Ղրիմին ու ինչ-որ տարածքներ վերադարձնելուն, ապա մեկ տարի առաջ ելույթ ունենալով Դաշնային ժողովի պատգամավորների առաջ՝ ես ասացի, որ Ղրիմը ինչպես եղել է, այնպես էլ կմնա ռուսական, ուկրաինական, ղրիմ-թաթարական, հունական, գերմանական: Իսկ պետական պատկանելության տեսանկյունից՝ Ղրիմում բնակվող մարդիկ արել են իրենց ընտրությունը»,- ասել է Պուտինը:

Նա խիստ բացասական է գնահատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտություն հրահրելու փորձերը և վստահություն հայտնել, որ եթե Մինսկում ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչվեն, իրավիճակն աստիճանաբար կկարգավորվի: 

«Ոչ մեկին պետք չէ հակամարտություն Եվրոպայի ծայրամասում, այն էլ՝ զինված»,- նկատել է Ռուսաստանի առաջնորդը: Պուտինը նաև տեղեկացրել է, որ Պորոշենկոյի հետ աշխատանքային շփումներ պահպանում է, չնայած՝ Ուկրաինայի ղեկավարության հրապարակային հայտարարությունները երբեմն իրեն զարմացնում են: