Թուրքիան չգնահատեց Հայաստանի բարի կամքը, ՄԱԿ-ում ասել է ՀՀ դեսպանը

Zohrab MnatsakanianՀայկական կողմի բարի կամքն արժանագույնս չգնահատվեց Թուրքիայի կողմից. այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մանցականյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկմանը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փետրվարի 23-ին տեղի է ունեցել բաց քննարկում «Պահպանելով միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, արտացոլելով պատմությունը` վերահաստատում ենք անվերապահ աջակցությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին» խորագրով: Քննարկումը նախագահել է Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին:

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, դեսպան Մնացականյանն ասել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստանը պատրաստակամ էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորել:

«Այսօրվա ժխտողականության քաղաքականությունը աջակցում է հետագա ոճրագործներին»,- իր ելույթում ասել է Զոհրաբ Մնացականյանը` ևս մեկ անգամ հիշեցնելով Լեհաստան ներխուժման նախաշեմին Հիտլերի խոսքերն առ այն, թե «…ի վերջո, ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»: «Մարտահրավեր նետելով ժխտողականությանը` նշեմ, որ այդ մասին խոսում են միլիոնավորները, այդ թվում Թուրքիայում»,- ասել է դեսպանը:

Նա նշել է, որ նաև միջազգային հանրության ոչ բավարար ներգործության արդյունքում մինչ օրս Հայոց ցեղասպանության ոճրագործները չեն ընդունել այն, և Ռուանդայում ցեղասպանությունը միջազգային հանրության լռության արդյունքն էր։

Դեսպան Մնացականյանն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճին և այդ կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքին՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը հարգելու ՄԱԿ կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված, այդ թվում համանախագահների կողմից ներկայացված և համաձայնեցված հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները։ Հիշատակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ադրբեջանին ուղղված կոչը` խաղաղ կարգավորման վերաբերյալ իր պարտավորությունները հարգելու հարցում:

«Փոխվստահության միջոցների հաստատումը, այդ թվում դիպուկահարների հետքաշումն ու զինադադարի դեպքերի լիակատար հետաքննությունը ներկա պահի գերակայությունն են»,- ասել է Զոհրաբ Մանցականյանը և կոչ արել Ադրբեջանին անվերապահորեն համաձայնել դրանց։

Նա կարևորել է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնորոշման իրավունքը, որը հնարավորություն է ընձեռել ՄԱԿ-ի ներկա 193 պետություններին ամրագրել իրենց անդամակցությունը կազմակերպությանը։ Ընդգծելով ինքնորոշման սկզբունքի իրագործման անհրաժեշտությունը` դեսպան Մնացականյանը կարևորել է ժողովուրդների կամքի ազատ արտահայտման իրավունքը` որպես միջազգային հարաբերությունների և իրավունքի անկյունաքար։ Դեսպանը նշել է, որ անկախ լուծումների բազմազանությունից` ՄԱԿ-ի այսօրվա անդամների թվաքանակը ինքնորոշման իրավունքի հաղթարշավի վառ ապացույցն է: Նրա խոսքով` այս սկզբունքը պետք է գերակայի և իրագործվի, և պայման չէ, որ այն հակասի կամ խախտի որևէ երկրի տարածքային ամբողջականությունը, ինչի ապացույց է վերջերս Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեն: Ուստի, եթե անդամ պետությունները հաստատակամ են ապագայում ոճրագործությունների և բռնությունների կանխարգելման հարցում, ապա ինքնորոշման իրավունքի իրագործումը չի կարող ճնշվել կամ անտեսվել` ի շահ տարածքային ամբողջականության: