Քննարկվել է Բաղդադ-Երևան ուղիղ չվերթների գործարկումը

1407163407_40087Փետրվարի 23-ին Իրաքում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր ալ Զուբաիդիի հետ:

ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրաքի միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության հեռանկարները: Ընդգծվել է Բաղդադ-Երևան ուղիղ չվերթների գործարկման կարևորությունը:

Դեսպան Գրիգորյանը նշել է, որ ուղիղ չվերթի առկայությունը մեծապես կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը և գործարար կապերի ընլայնմանը:

Ավելի վաղ քննարկվում էր Երևանի և Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության մայրաքաղաք Էրբիլի միջև օդային ուղիղ կապ հաստատելու հարցը:

Կանադական «Հորիզոն» շաբաթաթերթը փետրվարի 3-ին գրել էր, որ Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Քրդստանի ռեգիոնալ կառավարության արտգործնախարար Ֆալահ Մուստաֆայի հետ: Թերթի հաղորդմամբ` հանդիպմանը դեսպան Գրիգորյանը հայտարարել էր, որ սկսած հաջորդ շաբաթվանից` Հայաստանը շաբաթը երկու անգամ ուղիղ չվերթներ կիրականացնի Երևանից Էրբիլ:

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, սակայն, ՍիվիլՆեթին ասել էին, որ փետրվարի ընթացքում Հայաստանից դեպի Էրբիլ ուղիղ չվերթներ ծրագրված չեն` չբացառելով, որ դրանք կարող են իրականացվել մարտից:

Արտգործնախարարությունից ՍիվիլՆեթին ասել էին, որ իրենց տեղեկատվությամբ` լուրը համապատասխանում է իրականությանը, իրականացվելու են չարտերային չվերթներ: