ՀՀԿ-ն հեղափոխությունից առաջ

ՀՀԿ-ն պարտավորված չէ իր պատմության մեջ գրել, որ Հայաստանի առաջին նախագահական ընտրություններում հաղթել է Տեր-Պետրոսյանը: Սակայն անհասկանալի է, թե ինչու չեն գրել, որ կուսակցությունը իր առաջնորդի թեկնածությամբ մասնակցել է նորանկախ Հայաստանի նախագահական առաջին ընտրություններին: Անհասկանալի է, թե ինչու ՀՀԿ-ն իր պաշտոնական էջում չի գրում, որ կուսակցությունը իր առաջնորդի թեկնածությամբ մասնակցել է նորանկախ Հայաստանի նախագահական առաջին ընտրություններին:

Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) քաղաքական գործունեության մի շարք առանցքային դրվագներ բացակայում են այս կուսակցության պաշտոնական կայքում դրված տեղեկատվությունից :

Յուրաքանչյուր կուսակցություն և կազմակերպություն փորձում է վերաշարադրել պատմությունը իրեն ձեռնտու լույսի տակ և սերունդներին ներկայանալ հնարավորինս մաքուր և անաղարտ: Դրանից չի խուսափել նաև ՀՀԿ-ն՝ իր գործունեության 25 տարիները ներկայացնելով բացառապես դրական գույներով, իրեն վերագրելով շատ ավելի մեծ դերակատարություն ու փառք, քան իրականում ունեցել է այս կուսակցությունը, հատկապես մինչև 1998-ի իշխանափոխությունը, երբ կուսակցությունը ուներ մի քանի հարյուր (գուցե՝ մի քանի հազար) անդամ և համագործակցում էր ՀՀՇ-ի ու Տեր-Պետրոսյանի հետ:

ՀՀԿ-ն իր անցած պատմությունը վերաշարադրելիս գիտակցաբար կամ թյուրիմացաբար (հավանաբար՝ գիտակցաբար) բաց է թողել մի շարք կարևորագույն իրադարձություններ: Երբ կուսակցությունը (խոսքը միայն ՀՀԿ-ի մասին չէ) իր անցյալը մաքրում է սև բծերից, դա հասկանալի է: Մեր՝ լրագրողների, հետազոտողների և հայագետների խնդիրն է, վերականգնել, լրացնել կամ ամբողջացնել պատմությունը:

Իր պաշտոնական կայքում ՀՀԿ-ն չի հիշատակել հետևյալ կարևորագույն փաստերը.

Առաջին՝ ՀՀԿ-ն չի հիշատակել, որ մասնակցել է Հայաստանում կայացած առաջին՝ 1991-ի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով՝ ի դեմս երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի: Այդ ընտրություններին մասնակցել է վեց թեկնածու: Առաջին փուլով հաղթել է ՀՀՇ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ քվեների ավելի քան 83 տոկոսով: Աշոտ Նավասարդյանը զբաղեցրել է վերջին՝ վեցերորդ տեղը, ստանալով քվեների 0.16 տոկոսը: Անշուշտ, ՀՀԿ-ն պարտավորված չէ իր պատմության մեջ գրել, որ Հայաստանի առաջին նախագահական ընտրություններում հաղթել է Տեր-Պետրոսյանը: Սակայն անհասկանալի է, թե ինչու չեն գրել, որ կուսակցությունը իր առաջնորդի թեկնածությամբ մասնակցել է նորանկախ Հայաստանի նախագահական առաջին ընտրություններին:

Երկրորդ, ՀՀԿ-ն չի հիշատակել, որ Հայաստանի նախագահական երկրորդ ընտրություններում, որոնք կայացել են 1996-ի սեպտեմբերին, աջակցել և պաշտպանել է այն ժամանակ գործող նախագահ Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: ՀՀԿ-ն, այսօր ունենալով խոր տարաձայնություններ Տեր-Պետրոսյանի հետ, փորձում է իր պատմությունից ջնջել 1990-1998 թվականների այն պահերը, երբ համագործակցում էր ՀՀՇ-ի հետ, սատարում Տեր-Պետրոսյանին: Ավելորդ չէ հիշեցնել, որ նույն այդ տարիներին ՀՀԿ-ի այսօրվա նախագահը՝ Սերժ Սարգսյանը, եղել է ՀՀՇ անդամ (ավելի վաղ նա եղել է կոմունիստ, և այդ մասին գրված է Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ) կամ լիովին սատարել ու աջակցել է Տեր-Պետրոսյանին:

Ի դեպ, ՀՀԿ-ն Հայաստանում գործող միակ կուսակցությունն է, որն իր գործունեության ամբողջ ժամանակահատվածում՝ 25 տարիների ընթացքում, երբեք չի եղել ընդդիմություն: ՀՀԿ-ն միշտ եղել է իշխանություն կամ իշխանության մաս:

Ի դեպ, 1994-ին, երբ Տեր-Պետրոսյանը ապօրինաբար փակեց ՀՅԴ-ն (այս օրերին նույնն անում է Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ի հետ՝ ավելի «ժողովրդավար» մեթոդներով), Հանրապետականը այն ուժերից էր, որ հատուկ հայտարարությամբ պաշտպանեց Տեր-Պետրոսյանի այդ որոշումը: