Լարին շարունակում է արժեզրկվել

IMG_9539_zps99dffbb4Փետրվարի 24-ին վրացական լարին ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է միանգամից 3%-ով, որը լարիի  մեկօրյա ամենամեծ արժեզրկումն է՝ սկսած 2004-ի սեպտեմբերից:

Փետրվարի 24-ի երկրորդ կեսին լարիի փոխարժեքը կազմել է 2,26 լարի/1 դոլար՝ նախորդ օրվա 2,19 լարի/1 դոլարի համեմատ:

Վրաստանի Ազգային բանկը (ԿԲ) հայտարարել է, որ փետրվարի 24-ին արժութային շուկայում վաճառել է 40 մլն դոլար, հաղորդում է Civil.ge կայքը: Վրաստանի գլխավոր դրամատունը նույնչափ արտարժույթ էր վաճառել նաև փետրվարի 11-ին և 19-ին:

Վրաստանի ֆինանսների նախախար Նոդար Խադուրին հայտարարել է, որ  իրավիճակը բարդ է: «Եթե գնահատելու լինենք այսօրվա իրավիճակը, տեղի է ունեցել արտասովոր բան: Մեր կարծիքով՝ լարիի արժեզրկումը  պայմանավորված է սպեկուլյացիաներով, որոշակի տագնապով և սպասումներով»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ լարիի հարցում կանխատեսումներ անելը բավական բարդ է, քանի որ արժեզրկվում է ոչ միայն լարին, այլև շատ այլ երկրների ազգային արժույթներ, և դոլարի արժևորում է արձանագրվում ամբողջ աշխարհում:

Փետրվարի 25-ին Վրաստանի ԿԲ-ն սահմանել է 2,26 լարի/1 դոլար և 2,55 լարի/1 եվրո պաշտոնական փոխարժեք՝ փետրվարի 24-ի համապատասխանաբար 2,19 լարի/1 դոլար և 2,48 լարի/1 եվրո փոխարժեքի համեմատ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշավիլին փետրվարի 22-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իրավիճակը վերահսկելի է, և տագնապի հիքմեր չկան:

«Մենք մշակել ենք մանրամասն պլան, որն ուղղված է լարիի շուրջ ստեղծված իրավիճակի կայունացմանը: Բացի այդ՝ մենք ունենք մի շարք հետաքրքիր առաջարկներ և մեխանիզմներ երկրում նոր ներդրումների ներգրավման համար»,- ասել է Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով՝ Վրաստանի տնտեսությունը կախված է գլոբալ գործընթացներից: «Ընդհանուր առմամբ տարածաշրջանը գտնվում է տնտեսական բարդ իրավիճակում, մասնավորապես՝ խոսքը  Ուկրաինայում և եվրոպական մի շարք երկրներում իրավիճակի մասին է: Բնականաբար, այս բոլոր գործընթացները բացասաբար են ազդում մեր ազգային արժույթի վրա»,- ասել է նա:

***

Վրացական լարին սկսել է արժեզրկվել դեռ 2014թ․ նոյեմբերից: Նոյեմբերից մինչ այժմ լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 29%-ով, եվրոյի նկատմամբ՝ 16%-ով:

Փետրվարի 5-ին լարիի փոխարժեքը կազմել է 1,99 լարի/1 դոլար, փետրվարի 13-ին՝ 2,02 լարի, իսկ արդեն փետրվարի 23-ին՝ 1,17 լարի:

2014թ․ նոյեմբերին լարիի փոխարժեքը տատանվում էր 1,75-1-85 լարի/1 դոլար միջակայքում: