Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու վերաբացումը ևս Թուրքիան նախատեսել էր ապրիլի 24-ին

Պոլսահայ հայտնի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուն «Ակօս» թերթում հոդված է հեղինակել, որտեղ հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում այն մասին, թե ինչպես էր Թուրքիան ձգտում Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցու բացման արարողությունն իրականացնել ապրիլի 24-ին: Զաքարիա Միլդանօղլուն այն համեմատում է Գալիպոլիի միջոցառումները 2015թ. ապրիլի 24-ին իրականացնելու Թուրքիայի նախաձեռնության հետ: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:

Աղթամարի կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացման արարողությունը ապրիլի 24-ին անելու փորձից հետո այժմ՝ ութ տարի անց, առաջնորդվելով նույն մտայնությամբ, Թուրքիան Դարդանելի տոնակատարությունները պատրաստվում է անցկացնել նույն օրը:Դարդանելի ճակատամարտի զոհերի հիշատակի արարողությունը Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, նշելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանավեճ առաջացրած որոշումը շարունակում է գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այս վերջին քայլը հիշեցնում է ութ տարի առաջ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացումը քաղաքականացնելու Թուրքիայի ճիգերը: Ցանկանում ենք վերջին իրադարձություններին նայել հենց այս դիտանկյունից:

Կ. Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առաջարկով՝ 2005թ. որպես ճարտարապետ մասնակցել եմ Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցու վերանորոգման աշխատանքներին: Այս ժամանակ Հրանտ Դինքի հետ սերտ հարաբերությունների մեջ էի: Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կարգավորելու և սփյուռքի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով ծրագրեր էինք մշակել: Դրանց մեծ մասի վերաբերյալ հանրությանը տեղեկացնում էինք Դինքի սյունակների միջոցով:

Մեսրոպ պատրիարքի հետ այդ ժամանակ ընկերոջ պես էինք: Ժամանակ առ ժամանակ շատ մտերմիկ զրուցում էինք, նաև՝ բանավիճում: Աղթամարի վերականգնման աշխատանքներին անձամբ և տեղում ծանոթանալու իմ առաջարկին երկար ժամանակ դիմադրում էր: Երբ պատճառը հարցրի՝ ստացա հետևյալ պատասխանը. «Ես հիմա գնամ այնտեղ և իմ դիմաց հայտնվի լրագրողների հոծ բանակը, ինձ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցեր են տալու, ես ի՞նչ եմ ասելու»:

Վերջում պայմանավորվեցինք, որ նա կասի. «Ես կրոնական եմ, հոգևոր սպասավոր եմ, ձեր հարցերն ուղղեք ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլուն»: Այդ ընթացքում մի քանի անգամ միասին Վան գնացինք: Նա իրավացի էր. լրատվամիջոցների առաջին հարցը հետևյալն էր. «Ի՞նչ եք մտածում Հայոց ցեղասպանության մասին»: Պատասխանելով Վանում գտնվող բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ մշտապես առաջարկում էի Աղթամարի վերանորոգման հարցը չքաղաքականացնել, և բացահայտ ասում էի՝ 1915թ. Ցեղասպանություն է տեղի ունեցել:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացումը ապրիլի 24-ին անելու Թուրքիայի ջանքերը

Եկեղեցու վերանորոգման ավարտից հետո եկավ կառավարության և նախարարության կողմից բացման օր նշանակելու հերթը: Թեպետ մշտական հաղորդակցության մեջ էինք, սակայն, ցավոք, առանց պատրիարքարանից և մեզնից կարծիք հարցնելու՝ բացման օր նշանակվեց 2006թ. նոյեմբերի 4-ը:Մի առավոտ արթանացանք և կարդացինք, որ մշակույթի նախարարը բյուջեի քննարկման ժամանակ ասել է, որ Աղթամարի եկեղեցու բացման արարողությունը հետաձգվում է ապրիլին: Շատ չանցած հասկացանք՝ ժամանակի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարությունը ձգտում է անել այնպես, որ բացման արարողությունը համընկնի Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա՝ ապրիլի 24-ի հետ:

Չեմ մասնակցելու բացման արարողությանը. Տեր Մեսրոպ պատրիարք Մութաֆյան

Այս հայտարարությունից հետո քննադատության մեծ ալիք բարձրացավ: Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, քննադատելով Սուրբ խաչ եկեղեցու վերանորոգման հարցի քաղաքականացումը, ասաց. «Հույս ունենք, որ այս լուրը ճիշտ չէ»: Կարծում եմ՝ օգտակար կլինի մեկ անգամ ևս կարդալ պատրիարքի այդ ժամանակվա հայտարարությունը:

«Մամուլից տեղեկացանք, որ Մշակույթի և զբոսաշրջության նախարար Աթիլա Քոչը Վանի Աղթամար կղզում Սուրբ խաչ եկեղեցու բացման արարողությունը նշանակել է ապրիլի 24-ին: Հույս ունենք, որ լուրը ճիշտ չէ: Այդ քայլի անունը ինչ էլ դնենք, այն ոչ այլ ինչ է, եթե ոչ մի ժողովրդի ցավերի նկատմամբ անհարգալից, նույնիսկ ծաղրական վերաբերմունք: Բացման արարողությունն ապրիլի 24-ին լինելու դեպքում ի չիք կդառնա եկեղեցու վերանորոգման դրական նախաձեռնությունը: Այն երկու հարևանի առանց այդ էլ ոչ լավ հարաբերություններին ավելի մեծ հարված կհասցնի, քան Ֆրանսիայի սենատի որոշումը, և միջազգային ասպարեզում Թուրքիային կմեղադրեն հայերի զգացմունքները չհարգելու մեջ: Հայ ժողովրդի ցավի նկատմամբ այդպիսի մոտեցումը Ցեղասպանության նման մեծ սխալ կլինի: Նախապես հայտարարում եմ, որ ինչպես ես, այնպես էլ որևէ հայ չի մասնակցելու ապրիլի 24-ին կայանալիք բացման արարողությանը: Իհարկե, սիրում ենք մեր երկիրը, սա այլ բան է, սակայն ցավի նկատմամբ այդքան անզգացմունքային լինելը ո՛չ կրոնական, ո՛չ էլ խղճի առումով ընդունելի չէ»:

Այս կոշտ արձագանքի արդյունքում նախարարությունը հրաժարվեց ապրիլի 24-ին բացումն անելու մտքից: Այնուհետ Վանի նահանգապետարանի հայտարարությունից տեղեկացանք, որ բացման արարողությունը տեղափոխվել է ապրիլի 11: Կարճ ժամանակ անց պարզվեց, որ ապրիլի 11-ն էլ պատահական չէ. այն պետության նոր խաղն էր, հերթական արևելյան խորամանկությունը: Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունը հայ գրականության մեջ հիշատակվում է ապրիլի 11-ին, իսկ համաշխարհային հանրությունը գիտի՝ ապրիլի 11-ը նոր տոմարով համընկնում է ապրիլի 24-ին: Առաջին անգամ Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչվել է կենդանի մնացած մի խումբ հայ մտավորականների գլխավորությամբ՝ 1919 թվականին: Թեոդիկը հենց հիշատակի այդ արարողությունն անմահացրեց «11 ապրիլ. հուշարձան» աշխատությամբ:

Այդ օրերին Հրանտ Դինքը շատ սրտնեղած էր, իր խոսքով՝ այնպես, ինչպես անհանգիստ աղավնին: Աշխատանքից հետո, տեղի ունեցող իրադարձությունների քննակման համար, այցելեցի Հրանտ Դինքին: Մեր հանդիպումը երկար չտևեց: Ես ասացի. «Սրանք խաղեր են խաղում, ծաղրում են մեզ: Հեռուստատեսային խաղի ժամանակ մասնակցին հաճախ հարցնում են. «Վստա՞հ եք, սա ձեր վերջնակա՞ն որոշումն է: Այժմ ճիշտ այդպիսի վիճակ է»:

2007թ. հունվարի 19-ին «Ակօսի» խորագիրը հետևյալն էր. «Վստա՞հ եք, որ ձեր որոշումը վերջնական է»: Վերջնական որոշումն արդեն կար: Նույն օրը Հրանտը սպանվեց: Մեսրոպ պատրիարքի հետ 2007թ․ մարտի 29-ին սրտի խոր ցավով մասնակցեցինք Աթղամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը:

Թուրքական պետության խաղերն անսպառ են

Ութ տարի է անցել: Պետությունը կրկին գործի է դրել իր գավառամտությունը:

Նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Դարդանելի հիշատակի ամեն տարի մարտի 18-ին անցկացվող արարողությունն այս տարի տեղի է ունենալու ապրիլի 24-ին՝ նշելով, որ տոնակատարություններին հրավիրված է նաև Հայաստանը:

Սակայն նա չի բավարարվում միայն ցավակցական հեռագրերով, Հրանտ Դինքի հասցեին գովեստի խոսքեր շռայլելով: «Վատ սփյուռք, Թուրքիայի լավ հայ քաղաքացիներ, խեղճ Հայաստան» կոնցեպցիայի արտացոլումը կարող եք գտնել «Դարդանելում զոհվածների մեջ հայ զինվորներ էլ են եղել» անազնիվ մոտեցման մեջ:

Պատմություն իմացողները գիտեն, որ այն տեղը, որտեղ ապրում են հայերը, իրենց հայրենիքն են համարում, ուր էլ որ լինեն՝ այդ երկրի ապագայի համար իրենց կյանքն են տալիս:

Վերջին խոսքը վարչապետ Դավութօղլուինն է: Նա մոտավորապես ասաց հետևյալը. «Եթե Հրանտ Դինքը կենդանի լիներ, այդպես կուզեր»: Նա սխալվում է: Հրանտ Դինքն իր հասցեին հերոսապատումներ սարքելը սնանկ կհամարեր: Չէր ցանականա այդպիսի բան. չցանկանալու մասին հայտարարել էր ութ տարի առաջ և դրա համար կյանքով վճարել:

Տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են փորփրել մեր հիշողությունը, այն մեկ անգամ ևս մեզ հիշեցնում է Մեսրոպ պատրիարքի խոսքերը.«Ես չեմ մասնակցելու բացման արարողությանը»:

Մեկնաբանել