Ինչ կլինի մինչև 2025-ը, կանխատեսել է Stratfor-ը

world-in-2025Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը հրապարակել է 2015-2025 թթ. իր աշխարհաքաղաքական կանխատեսումը: Stratfor-ն իր տասնամյա կանխատեսումները հրապարակում է 1996-ից ի վեր: Վերջինը, որը լույս էր տեսել 2010թ., կանխատեսում էր Եվրամիությունում ազգայնական տրամադրությունների ուժեղացում, Չինաստանի տնտեսության աճի դանդաղում։ Stratfor-ի մասնագետները կանխատեսել էին նաև, որ Ռուսաստանը կփորձի հումքի արտահանումից անցում կատարել դեպի դրանից պատրաստված ավելի բարդ ապրանքների արտահանում:

Նոր՝ մինչև 2025թ․ կանխատեսման համաձայն՝ Եվրոպայում կսկսվի պառակտում, և Ռուսաստանն էլ դժվար կարողանա խուսափել մասնատումից: Slon.ru կայքը առանձնացրել է Stratfor-ի զեկույցի առանցքային մասերը:

Ռուսաստան

Stratfor-ի վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնությունը դժվար թե կարողանա գոյատևել իր ներկայիս կառուցվածքով՝ առանց ուժային կառույցների հավելյալ ջանքերի: Համակարգը, որով եկամուտները հասնում են Մոսկվա, ապա՝ բաշխվում շրջանների միջև, ինչպես նաև զգայունությունը էներգակիրների գների տատանումների հանդեպ, կհանգեցնեն նրան, որ Մոսկվան չի կարողանա պահել տարածաշրջանային ենթակառուցվածքները: Այս դեպքում շրջանները կփորձեն իրենք իրենց ապահովել. կսկսվի պաշտոնական և ոչ պաշտոնական ինքնավար միավորների ձևավորում, կթուլանան կենտրոնի և ծայրամասերի միջև տնտեսական կապերը։

Ըստ զեկույցի՝ պատմականորեն ռուսները նման խնդիրները լուծել են գաղտնի ոստիկանության՝ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) ու դրա հետևորդ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) միջոցով: Ինչպես դա 1980-ականներին էր, այս տասնամյակի ընթացքում նույնպես գաղտնի ոստիկանությունը չի կարողանա զսպել կենտրոնախույս ուժերին: Տնտեսության հետ մեկտեղ «կկաղա» նաև ԱԴԾ-ն:

«Առանց ԱԴԾ-ի ահաբեկման՝ անհնար կլինի կանխարգելել Ռուսաստանի մասնատումը»,- պնդում են կանխատեսման հեղինակները:

Այդ ընթացքում Լեհաստանը, Հունգարիան և Ռումինիան կփորձեն որպես դաշնակից գրավել Ուկրաինային և Բելառուսին։ Կարելիան կփորձի մերձենալ Ֆինլանդիայի հետ, Հյուսիսային Կովկասի հանդեպ Կրեմլի վերահսկողությունը կարող է «հօդս ցնդել», իսկ հեռավորարևելյան տարածքները, որոնք ավելի սերտ կապի մեջ են Չինաստանի, Ճապոնիայի ու ԱՄՆ-ի, քան Մոսկվայի հետ, կորոնեն անկախության ինչ-ինչ տարբերակներ: Ընդ որում՝ Մոսկվայի դեմ որպես այդպիսին «ընդվզում» չի լինի, ընդգծում են Stratfor-ի վերլուծաբանները:

Եվրոպա

Եվրամիությունը չի կարողանա լուծել իր գլխավոր խնդիրը, որը ոչ թե եվրոգոտին է, այլ ազատ առևտրի գոտին: Միասնական քաղաքականությունը ամբողջ Եվրոպայի համար չէ, քանի որ այն, ինչ ձեռնտու է որոշ երկրների, վնասում է մյուսներին: Եվրահոռետեսությունն ու անջատական տրամադրությունները կուժեղանան: Ինչ-որ առումով ԵՄ-ն կարող է գործել, սակայն տնտեսական, քաղաքական ու ռազմական հարաբերությունները կվերահսկվեն երկու կամ մի քանի պետությունների դաշինքների կողմից, Եվրոպան ուղղորդող միասնական ուժ չի լինի:

Գերմանիայում կսկսվի տնտեսական անկում, որը կհանգեցնի սոցիալական և քաղաքական ճգնաժամի: Եվրոպայում Գերմանիայի ազդեցությունը կնվազի:

Միաժամանակ, մեծ քաղաքական և տնտեսական ազդեցություն ձեռք կբերի Լեհաստանը, որը կդառնա Միջին եվրոպական հարթավայրի ռազմավարական գերակա ուժը և հակառուսական կոալիցիայի առաջնորդը:

ԱՄՆ

Չնայած վերլուծական կենտրոնը կանխատեսում է, որ Ռուսաստանում անկում կլինի, Մոսկվան կարող է փորձել ծավալապաշտական քաղաքականություն վարել և նույնիսկ հաջողել դրանում: Հետևաբար Վաշինգտոնը կփորձի դաշինքներ ստեղծել ՆԱՏՕ-ից դուրս՝ հնարավոր դաշնակիցների առավելագույն քանակ ունենալու և անհրաժեշտության դեպքում «սպառնալիքին համարժեք ուժի կիրառմանը» պատրաստ լինելու համար:

Ըստ կանխատեսման՝ ԱՄՆ-ը մոտ 15 տարի հետո կբախվի ներքին լուրջ ճգնաժամի. դա կլինի միջին խավի ճգնաժամը, որն արդեն տեսանելի է: Հաշվարկը հիմնված է նրա վրա, որ ԱՄՆ-ում գոյություն ունեն հիսունամյա ցիկլեր, որոնք ավարտվում են տնտեսական ու սոցիալական լուրջ խնդիրներով. դրանցից վերջինը մոտենում է ավարտին: Այդուհանդերձ, գրում են փորձագետները, չնայած համաշխարհային շուկաներում տատանումներից պաշտպանվածությանը՝ ԱՄՆ-ը կշարունակի մնալ միջազգային համակարգի «կայուն սիրտը»:

Մերձավոր Արևելք

Մերձավոր Արևելքում իշխանությունը պահպանվում է ոչ թե կառավարությունների, այլ առանձին խմբավորումների կողմից. այդ միտումը կշարունակվի, և ԱՄՆ-ը չի կարողանա զսպել այդ գործընթացը՝ չնայած տարածաշրջանի երկրների մեծ մասը կակնկալի նրա միջամտությունը:

Միակ երկիրը, որը կշարունակի շահագրգռված լինել Սիրիայում և Իրաքում կայունացմամբ, կլինի Թուրքիան:

Քաղաքական և ռազմական պատճառներով նա կշարունակի ունենալ ԱՄՆ-ի միջամտության կարիքը, ինչի համար ստիպված կլինի միավորվել Միացյալ Նահանգների հետ Ռուսաստանին զսպելու հարցում:

Մերձավոր Արևելքում Թուրքիան պատրաստ չի լինի բացարձակ անկախ քաղաքականություն վարելու համար, և ստիպված կլինի վճարել ԱՄՆ-ի դաշնակցությունն ունենալու համար: Այդ գինն է՝ ճանապարհ հարթել դեպի Վրաստան ու Ադրբեջան զսպման գծի ընդլայնման համար:

Եվրոպայում մասնատմանը զուգընթաց, ըստ զեկույցի, Թուրքիայի ազդեցությունը կտարածվի դեպի արևմուտք, մասնավորապես՝ Բալկաններ: Առաջիկա տասը տարում Թուրքիան կվերածվի տարածաշրջանային նշանակալի ուժի:

Stratfor-ի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա տասնամյակում անկայունությունն Արաբական աշխարհում կպահպանվի:

Արևելյան Ասիա

Ասիայում Չինաստանի ու Ճապոնիայի ռազմածովային ուժերի աճի ականատեսը կլինենք, որոնք, սակայն, կմրցեն ոչ թե վիճելի կղզիների, այլ ինքնավարության ձգտող ռուսական խաղաղօվկիանոսյան տարածքների վրա վերահսկողություն ունենալու համար: Հենց այդ ազդեցությունն էլ կլինի տարածաշրջանի կենտրոնական չլուծված խնդիրը:

Չինաստանի՝ որպես արտադրական հանգույցի դերը միմյանց միջև կկիսեն միանգամից մի քանի նոր երկրներ: Դրանք կլինեն Ֆիլիպինները, Վիետնամը, Կամբոջան, Ինդոնեզիան, Լաոսը, Բանգլադեշը, Մյանմարը, Շրի Լանկան, Եթովպիան, Ուգանդան, Քենիան, Տանզանիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Պերուն, Նիկարագուան և Մեքսիկան: Հաջորդ տասնամյակի վերջին ներդրումների աճի և արտադրությունների տեղափոխման շնորհիվ (հագուստից մինչև էլեկտրոնիկա) այս երկրները կթևակոխեն արագ աճի փուլ՝ ճիշտ այնպես, ինչպես դա եղել է Չինաստանի դեպքում:

Մեկնաբանել