Յանուկովիչը գիտի՝ ինչպես վերջ դնել պատերազմին Դոնբասում

viktor_yanukovych_lithuania-eu-summit-eeurope-diplomacy_jsk1326_39555137_0_0Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը առաջ է քաշել ազգային գաղափար, որը, իր կարծիքով, կարող է միավորել Ուկրաինայի բնակչությանը և վերջ դնել պատերազմին Դոնբասում:

«Ուկրաինացիների համար ազգային գաղափար պետք է լինի ուժեղ և անկախ երկիրը վերադարձնելու, տնտեսությունը վերականգնելու, սոցիալական հարցերը լուծելու ցանկությունը: Եվ, ամենակարևորը, անհրաժեշտ է ոչ թե քանդել, այլ կառուցել»,- գրել է Յանուկովիչը փետրվարի 25-ին ռուսական «Արգումենտի ի ֆակտի» թերթում տպագրած իր «Ուկրաինացիները խաղաղության են սպասում» վերնագրով հոդվածում:

Նրա խոսքով՝ սարսափելին այն է, որ Դոնբասում այժմ ընթացող պատերազմը ձեռնտու է Ուկրաինայի գործող իշխանություններին, այն դադարեցնելու համար անհրաժեշտ է հասկանալ պատերազմի սկսման և շարունակման պատճառները:

Յանուկովիչի կարծիքով՝ «նոր իշխանությունների ամենասարսափելի հանցանքը սեփական ժողովրդի դեմ պատերազմն է»: Նա հակամարտության բոլոր կողմերին երկխոսության կոչ է անում և միջազգային հանրությունից պահանջում ճնշում գործադրել Կիևի վրա:

***

Յանուկովիչը իր պաշտոնը թողեց և Ուկրաինայից Ռուսաստան փախավ 2014թ․ փետրվարին՝ Կիևում և ամբողջ Ուկրաինայում տեղի ունեցած արյունալի բախումներից հետո։ 1997-2002 թթ․ նա եղել է Ուկրաինայի հարավարևելյան ռուսախոս Դոնբասի երկրամասի նահանգապետը։

Մեկնաբանել