Ռուսական կողմի հետ բանակցում են, որ գազի գինը չփոխվի

UntitledՀայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի: Փետրվարի 25-ին Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց հիմնական զեկուցող, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հարցին, թե արդյոք այս կամ հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում՝ Նազարյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագինն ուղիղ կապված է գազի սակագնի հետ:

Նա հավելեց, որ «էլեկտրաէներգիայի սակագները բազմագործոն են»: «Մասնավորապես՝ լուրջ դերակատարում ունի նաև դոլար/դրամ փոխարժեքի մեծությունը: Դրանով պայմանավորված` այս պահին մենք սպասում ենք բանակցությունների ավարտին: Հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի` դոլար/դրամ փոխարժեքով պայմանավորված: Ես այդ բանակցությունների կողմ չեմ, արդյունքների մասին կամ ընթացքի մասին որևէ բան չեմ կարող ասել, ընդամենը կարող եմ ասել, որ նման բանակցություններ գնում են: Որից հետո նոր մենք և էլեկտրաէնեգիա արտադրող կայանները և այդ շուկային մասնակցող ընկերությունները կկարողանանք գնահատել և ներկայացնել համապատասխան հայտեր կամ չներկայացնել: Այս պահին դեռևս անորոշ է վիճակը»,- ասաց ՀԾԿՀ նախագահը:

***

Գազի գնի հնարավոր թանկացմանը` պայմանավորված դոլար/դրամ փոխարժեքով, վերջերս անդրադարձել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը։ «168 ժամ» թերթի հետ հարցազրույցում նա ասել էր, որ գազի սակագինը չբարձրացնելու համար արվում է հնարավորը: Հարությունյանը նշել էր, որ ներկայիս փոխարժեքն արդեն զգալիորեն տարբերվում է սակագնայինից և մտահոգության տեղիք տալիս է: Բնական գազի ներկայում գործող սակագնի հաշվարկի հիմքում ընդունված է 416.56 դրամ/դոլար փոխարժեքը:

Մեկնաբանել