Իսրայելցի պատմաբանը ցեղասպանության թեմայով դասախոսություն կկարդա Ամերիկյանում

FB banner 150225 AUAՓետրվարի 25-ին` ժամը 18:00-20:00-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուգեան դահլիճում հանրային դասախոսությամբ հանդես կգա իսրայելցի հայտնի գիտնական, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնը:

Դասախոսության թեման է` «Ցեղասպանություն և ինքնություն»: Միջոցառումը կընթանա համընթաց թարգմանությամբ: ՍիվիլՆեթն ուղիղ հեռարձակում կապահովի Մանուգեան դահլիճից: Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ։

Յաիր Աուրոնը (ծնվ. 1945թ. ապրիլի 30-ին) պատմաբան է, Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության, ռասիզմի և ժամանակակից հրեագիտության հարցերով փորձագետ: 2005-ից ի վեր նա ղեկավարում է Իսրայելի բաց համալսարանի սոցիոլոգիայի, քաղաքագիտության և հաղորդակցության ֆակուլտետը։

***

Հայաստանի ամերիկյան համալսարանը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նշում է դասախոսությունների, ցուցահանդեսների, ֆիլմերի ցուցադրման և սեմինարների մեկամյա ծրագրով: Ծրագրի շրջանակում առաջին դասախոսությունը փետրվարի 4-ին կարդացել էր թուրք պատմաբան Մեհմեդ Պոլաթելը` «Հայերի սեփականության առգրավումը ցեղասպանության ընթացքում և դրանից հետո» թեմայով: Երկրորդ դասախոսությունը փետրվարի 10-ին կարդացել էր արվեստաբան Շահեն Խաչատրյանը` «Եղեռնը հայ կերպարվեստում» թեմայով: