Օսմանական դամբարանի տեղափոխությունը. հաղթանակ թե՞ նահանջ Թուրքիայի համար

turkՓետրվար 21-ի գիշերը թուրքական բանակը «Իսլամական պետության» կողմից շրջափակված Սիրիայի Կարակոզակ գյուղի մոտ գտնվող Սուլեյման Շահի դամբարանում տեղակայված իր զինվորներին դուրս հանեց և դամբարանը տեղափոխելու համար սկսեց նոր գործողության: Այս մասին տեղեկացնում է «New York Times» միջազգային պարբերականը՝ հղում տալով թուրք պաշտոնատարների և թուրքական լրատվամիջոցներին:

Օսմանական կայսրության հիմնադիր մեծ հայր Սուլեյման Շահի դամբարանը գտնվում է Սիրիայի տարածքում՝ Թուրքիա-Սիրիա սահմանից 20 կմ հեռավորության վրա: Սակայն այս տարածքը, ըստ 1921-ին Թուրքիայի և Ֆրանսիայի միջև կնքված պայմանագրի, համարվում է Թուրքիայի սուվերեն տարածք: «Շահ ֆըրաթ» անունը կրող այս գործողությանը մասնակցել են 572 զինվոր, 39 տանկ, 57 զրահապատ մեքենա և 100 այլ մեքենա: Նրանք Սիրիա մուտք են գործել քրդական Քոբանիից, որը քրդերը վերջերս են ազատագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբից: Թուրքական բանակը աճյունը տեղափոխել, ապա ոչնչացրել է շիրիմն ու հարակից բոլոր շինությունները, որպեսզի հետագայում այլ զինյալներ չօգտվեն դրանցից:

Թուրքիայի վարչապետ Դավութողլուն հայտարարել է, թե 1921-ի պայմանագրի համապատասխան Սիրիայի քրդական հսկողության տակ գտնվող Ռոժավա շրջանի Աշմե ավանում նոր դամբարան է կառուցվում Սուլեյման Շահի համար: Թուրքական հեռուստաընկերություններն արդեն տարածում են Թուրքիայի դրոշներով լի նոր դամբարանի նկարները:

Ամերիկյան The Daily Beast թերթը հաղորդում է, որ Թուրքիայում ազգայնական և ընդդիմադիր շրջանակների կողմից նույնպես քննադատվում է գործողությունը ազգային հաղթանակ ներկայացնելու փորձերը: Պարբերականը գրում է, որ հասունացել է Էրդողանին ծաղրանքով «նոր Օսմանացի» կոչելու մի առիթ ևս: Ըստ թերթի՝ աշխարհահռչակ նախկին ֆուտբոլիստ և Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Հաքան Շյուքուրն ասել է․ «Էրդողանը պատասխանատու է Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած առաջին տարածքային կորստի համար»: Իսկ Էրդողանի իսլամիստական կուսակցության անդամ և մշակույթի նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայը տեղի ունեցածը ամփոփել է հետևյալ կերպ. «կատարվածը կարճ նկարագրելու համար կարելի է ասել, որ մեր նախահայրերն իրենց դագաղներում շուռ են գալիս»:

Թուրքիայում ընդդիմությունը քննադատում է, ասելով, որ տեխնիկապես հաջող գործողությունը իրականում նահանջ էր Թուրքիայի համար, ավելին՝ պարտություն: Թուրքական Hurriyet թերթում Մուրատ Եթքինը գրում է, թե բանակի այս գործողությունը պետք է դիտարկել որպես Թուրքիայի կառավարության երկրորդ նահանջը «Իսլամական պետության» դեմ: (2014թ․ հունիսին «Իսլամական պետությունը» Իրաքի Մոսուլ քաղաքում թուրքական հյուպատոսարանը գրավելուց հետո պատանդ էր վերցրել Թուրքիայի 46 քաղաքացու և երեք իրաքցու: Նրանք երեք ամիս հետո ազատ արձակվեցին՝ չհայտարարված պայմաններով փոխհամաձայնությամբ. The Daily Beast-ը գրում է: Ամերիկյան և եվրոպական որոշ աղբյուրներ հայտնում են, թե Անկարան դրա փոխարեն «Իսլամական պետության» մի շարք ձերբակալված զինյալների ազատ է արձակել: Հայտնի միջազգային պարբերականը հայտնում է, որ Թուրքիան իր բանտերից ազատ է արձակել նաև մի շարք եվրոպացի ջիհադիստների, որոնցից ամենահայտնին վերջերս Կոպենհագենում ահաբեկչական գործողություն կատարեց: ՍիվիլՆեթ)

Դեռ հայտնի չէ՝ թուրքական ուժերը բախվել են շիրիմը շրջապատող զինյալների հետ, թե՝ ոչ, սակայն Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն շտապել է հայտարարել, որ ոչ մի բախում տեղի չի ունեցել գործողության ժամանակ, իսկ մի զինվոր զոհվել է ճանապարհային վթարի հետևանքով: Նա նաև հայտնել է, որ դամբարանի բոլոր արժեքավոր իրերը, ներառյալ պատմական աճյունը, տեղափոխվել են Թուրքիա:

Դավութօղլուն ասել է, թե Սիրիայի կառավարությունը ևս տեղեկացվել է գործողության մասին, ինչպես ընդդիմադիր զինյալների ղեկավարները և «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային դաշինքի ուժերը: Սիրիայի կառավարությունն իր հերթին հայտարարել է, թե Թուրքիայի մարտական գործողությունը «կոպիտ ագրեսիայի» դրսևորում է, քանի որ վերջինս չի սպասել Դամասկոսի համաձայնությանը: Իսկ Սիրիայի կառավարությունը գործողության հաջողության հիմքում տեսնում է իսլամիստ ծայրահեղականների Թուրքիային ցուցաբերած օգնությունները:

2014թ. մարտին Դավութօղլուն հայտարարել էր, թե «Սիրիայի վարչակարգի կամ ծայրահեղական խմբերի կողմից որևէ հարձակման դեպքում Թուրքիան հավասարազոր պատասխան է տալու»: Այդ հայտարարությունից անմիջապես հետո դամբարանի պահակ զինվորներին փոխարինել են հատուկ ջոկատայինները:

Սուլեյման Շահը խեղդամահ է եղել Եփրատում 1236 թվականին և նրա աճյունը երբեք չի գտնվել: 1516-ին, երբ Սուլթան Սելիմը գրավել է Սիրիան, նրա մահվան վայրում կառուցել է մի խորհրդանշական դամբարան, որը հետագայում բազմաթիվ անգամ տեղափոխվել է Եփրատի տարբեր տարածքներ: Վերջին տեղափոխությունը տեղի է ունեցել 1970-ին՝ Ասադի անվան ջրամբարի կառուցման պատճառով:

Մեկնաբանել