1965-ի ապրիլը Հայաստանի և ԽՍՀՄ մամուլում

1965Արևմտահայ գրողների հիշատակին

Ապրիլի 23-ին Երևանում, գրողների տանը տեղի ունեցավ 1915-ին նահատակված արևմտահայ գրողների հիշատակին նվիրված երեկո, որին մասնակցում էին գրողներ, գիտնականներ, արվեստագետներ, մտավորականության ներկայացուցիչներ:

Բացելով երեկոն, Ստեփան Զորյանն ասաց, որ հիսուն տարի առաջ նահատակված հայ գրողների հիշատակը իր սրտում սրբությամբ է պահում հայ ժողովուրդը: Նշելով նրանց հիշատակը, մենք պետք է նոր և բարձրարվեստ գործերով հարստացնենք մեր մշակույթը, բոլորանվեր ծառայենք հայրենիքին:

Արևմտահայ գրողների մասին խոսք ասացին Վաղարշակ Նորենցը, Գևորգ Էմինը, Անահիտ Սահինյանը, Գրիգոր Քեշիշյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Սիլվա Կապուտիկյանը:

Սովետական Հայաստան, թիվ 96, շաբաթ, 24 ապրիլի 1965:

Ծանոթ. Լուրը դրվել է վերջին, չորրորդ էջում՝ ամենից նվազ աչքի ընկնող մասում:

***

Արհավիրքից՝ վերածնունդ

… Միայն Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան, կոմունիստների լենինյան պարտիան հայ ժողովրդին փրկեցին համազգային աղետից:

… Հայաստանը դարձավ առաջավոր արդյունաբերության և գյուղատնտեսության, համատարած գրագիտության, ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական, զարգացած կուլտուրայի երկիր:

… Հիսուն տարի առաջ աշխարհը ցնցվեց Օսմանյան կայսրության կառավարող կլիկի կատարած ահավոր ոճրագործությունից: 1915 թվականին երիտթուրքական կառավարությունը կազմակերպեց արևմտահայության զանգվածային տեղահանումն ու բնաջնջումը:

… Չէ որ գենոցիդի (ցեղասպանության) քաղաքականությունը մեծ մաշտաբներով գործնական հիմքի վրա է դրվում պատերազմների ժամանակ:

… 1909 թվականի աշնանը դաշնակների և «Իթթիհադի» միջև կնքված «ուխտը», որով «օսմանյան նվիրական հայրենիքի» գաղափարներն էին սրբագործվում, զգալի չափով թուլացրեց հայ ժողովրդի դիմադրական ոգին: 1915-1916 թվականների ընթացքում ամենայն վանդալությամբ ոչնչացվեց մեկուկես միլիոն մարդ:

… Այն, ինչ կատարվեց արևմտահայության հետ առաջին համաշխարհային պատերազմի դժնդակ տարիներին, նոր ժամանակների պատմության մեջ ամենամասսայական գենոցիդի քաղաքականության սկիզբն էր, որն ավելի մեծ մասշտաբներով և ավելի կատարելագործված մեթոդներով երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կրկնեցին գերմանական ֆաշիստները հրեաների, սալավոնական և այլ ժողովուրդների նկատմամբ:

… Սովետական Ռուսաստանի կառավարությունը Վ. Ի. Լենինի ստորագրած «Թուրքահայաստանի մասին դեկրետով» հռչակեց, որ պաշտպանում է Արևմտյան Հայաստանի «ազատ ինքնորոշման իրավունքը»:

… Անդրկովկասի հակառևոլյուցիոն պարտիաները՝ մենշևիկները, մուսավաթականները, դաշնակները, դավաճանելով աշխատավորների շահերին, երկրամասն անջատեցին Սովետական Ռուսաստանից և հեշտացրին թուրքական և մյուս իմպերիալիստների ինտերվենցիան:

Գ. Գալոյան, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ջ. Կիրակոսյան, Պատմական գիտությունների թեկնածու

Սովետական Հայաստան, թիվ 96, շաբաթ, 24 ապրիլի 1965:

Ծանոթ. Հոդվածը դրվել է երկրորդ և երրորդ էջերում: Հոդվածում խոսվում է նաև Խորհրդային Հայաստանի նվաճումների, բնակչության աճի, քաղաքների ու ավանների շենացման, գիության, արդյունաբերության զարգացման, ռուս և խորհրդային մյուս ժողովուրդների միջև բարեկամության մասին:

***

Գենոցիդը ամենածանր հանցագործությունն է մարդկության հանդեպ

… Հիսուն տարի առաջ երիտթուրքերի կառավարությունը բնաջնջեց մոտավորապես մեկուկես միլիոն հայ:

Մ. Ներսիսյան, Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս

Ն. Ուշակով, Իրավաբանական գիտությունների դոկտոր

Սովետական Հայաստան, թիվ 97, կիրակի, 25 ապրիլի 1965:

Ծանոթ. Հոդվածը, որ թարգմանություն է Պրավդա թերթի ապրիլի 24-ի համարից, դրվել է երրորդ էջում: Հոդվածը գրվել է ապրիլի 24-ի առիթով, բայց ավելի շատ նվիրված է աշխարհի այլ ցեղասպանությունների, ինչպես նաև՝ գենոցիդին, որպես ծանրագույն և ծայրագույն հանցագործություն:

***

Երևանի հասարակայնության ներկայացուցիչների ժողովը

Ապրիլի 24-ին լրացավ սուլթանական Թուրքիայի կառավարողների կազմակերպած հայկական կոտորածների 50-ամյակը: 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին էր նվիրված Երևան քաղաքի հասարակայնության ներկայացուցիչների ժողովը, որը տեղի ունեցավ երեկ Ալ. Սպենդիարյանի անվան Լենինի շքանշանակիր օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում:

Ժողովի նախագահությունում էին Յա. Զարոբյանը, Ն. Հարությունյանը, Ա. Քոչինյանը, Բ. Մուրադյանը, ռեսպուբլիկայի մինստրներ, անվանի գրողներ, գիտության և արվեստի ականավոր գործիչներ:

Օթյակում էր Ամենայն Հայոց կաթողիկոս, Ծայրագույն պատրիարք Վազգեն Առաջինը:

Ժողովը հակիրճ ճառով բացեց Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի նախագահության նախագահ ընկեր Նագուշ Հարությունյանը. «Հայ ժողովուրդը այսօր առաջին անգամ արժանավայել նշում է մեծ եղեռնի տարելիցը, նրա բյուրավոր անմեղ զոհերի պայծառ հիշատակը… Մենք ամբողջ հոգով ու էությամբ դատապարտում ենք գենոցիդը՝ ժողովրդասպանությունը»:

Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգում են զոհերի հիշատակը:

Ընկ. Ն. Հարությունյանը 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ժողովը հայտարարում է բացված:

Զեկուցման համար խոսք է տրվում Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին. «Կես դար է անցել այն օրից, երբ սուլթանական Թուրքիայի գղութարարներն անցան վաղօրոք նախապատրաստված իրենց ծրագրի իրականացմանը: Նրանք սկսեցին ցեղասպանության հրեշավոր գործը՝ հայ ժողովրդի բնաջնջումը Արևմտյան Հայաստանում»:

Սովետական Հայաստան, թիվ 97, կիրակի, 25 ապրիլի 1965:

Ծանոթ. Հոդվածը դրվել է երկրորդ էջում:

***

Մտորումներ

… Դա Հոկտեմբերի արևն էր: Նա ծագեց Հյուսիսից, որ ջերմացնի մեր մոլորակի կյանքը… Եվ Հայաստանի դաշտերում կրկին վերստին լսվեց հայկական հորովելը, քաղաքներում կրկին բարձրացան դղյակներ: Եվ նոր քաղաքներ ծնվեցին…

Հր. Քոչար

Սովետական Հայաստան, թիվ 96, շաբաթ, 24 ապրիլի 1965:

Ծանոթ. Հոդվածը դրվել է չորրորդ էջում: Այն հրապարակախոսական ժանրով է գրված: Խոսվում է Սուլթան Համիդի, Երիտթուրքերի, Կարաբեքիրի, Էնվեր և Ջեմալ փաշաների գործած հանցագործության մասին: Գովք կա Լենինի, Խորհրդային կարգերի, ռուս ժողովրդի հասցեին: Սա Քոչարի վերջին գիրն է: Նա մահացավ օրեր անց՝ մայիսի առաջին օրերին:

***

Փարիզի հայ համայնքի ժողովը

ՓԱՐԻԶ, 26 ապրիլի (ՏԱՍՍ)- Փարիզի հայ համայնքը այս օրերին նշում է Թուրքիայում հայերի ողբերգական կոտորածի 50-րդ տարեդարձը:

«Դա 20-րդ դարում գենոցիդի առաջին հանցագործությունն է: Դրա հետևանքով զոհվեցին օսմանյան կայսրության հպատակ մեկուկես միլիոն հայեր»,- ասված է այդ տարեդարձին նվիրված ցույց կազմակերպած կոմիտեի հայտարարության մեջ:

Սովետական Հայաստան, թիվ 98, երեքշաբթի, 27 ապրիլի 1965:

Ծանոթ. Լուրը դրվել է երրորդ էջում:

Մեկնաբանել