Ավետիսյանների իրավահաջորդները կմասնակցեն փորձաքննություններին. Քննչական կոմիտե

Avetisyan SuccessorsԱվետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները փորձաքննություններին մասնակցելու հնարավորություն կունենան:

Ինչպես հաղորդում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների դիմումը՝ նշանակված փորձաքննություններին մասնակցելու վերաբերյալ։

***

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ողջ էր մնացել միայն ընտանիքի վեց ամսական երեխան՝ Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վիճակում հոսպիտալացվել էր կրծքի շրջանում կտրած-ծակած վերքով։ Երկու վիրահատությունից և կյանքի համար յոթ օր մղած պայքարից հետո Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ Երևանում։

Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։

Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել հինգ անձ:

Փետրվարի 23-ին Ավետիսյանների ընտանիքի հարազատները այցելել են Շիրակի մարզի դատախազություն և մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանից պահանջել Գյումրի հրավիրել Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ սպանդի բացահայտման շուրջ ընթացող գործողություններին ծանոթանալու համար։

Մեկնաբանել