Moody’s-ը ռուսական հսկաների վարկանիշը իջեցրել է «աղբային» մակարդակի

Գործակալությունն իր որոշումը պայմանավորում է Ռուսաստանի մակրոտնտեսական միջավայրի թուլությամբ: Գործակալությունն իր որոշումը պայմանավորում է Ռուսաստանի մակրոտնտեսական միջավայրի թուլությամբ:

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը փետրվարի 25-ին ռուսաստանյան մի շարք խոշորագույն ոչ ֆինանսական կորպորացիաների վարկանիշերը «Baa3» մակարդակից իջեցրել է մինչև «Ba1» սպեկուլյատիվ կամ «աղբային» մակարդակի, հաղորդում է գործակալության կայքը:

«Ռոսնեֆտ», Rosneft International Holdings,«Գազպրոմ», «Գազպրոմ նեֆտ», «Լուկոյլ», «Ռուսական երկաթուղիներ»,ՄՏՍ, «Նովատեկ», «Մեգաֆոն», Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատ, «Նորիլսկի նիկել», Դաշնային ուղևորային ընկերություն, «Ֆոսագրո», «Ուրալկալի» ընկերությունների վարկանիշերն իջեցվել են մինչև Ba1 մակարդակ: Իջեցվել են նաև դուստր ձեռնարկությունների՝ Steel Funding Limited, Steel Capital, Gaz Capital, Rosneft International Finance Limited, LUKOIL International Finance, GPN Capital ընկերությունների վարկանիշերը:

Ինչպես նշում է գործակալությունը, 16 ընկերություններից 13-ի համար վարկանիշի հետագա փոփոխության կանխատեսումը բացասական է: «Ռուսական երկաթուղիների», Դաշնային ուղևորային ընկերության և ՄՏՍ-ի վարկանիշերը վերանայման են դրված՝ հետագա նվազեցման հավանականությամբ:

Moody’s-ն իր որոշումը հիմնավորում է Ռուսաստանի մակրոտնտեսական և ֆինանսական միջավայրի թուլությամբ, ինչը պայմանավորել է նաև փետրվարի 20-ին Ռուսաստանի սուվերեն վարկային վարկանիշի իջեցումը «աղբային» մակարդակի:

***

Փետրվարի 20-ին Moody’s-ը Ռուսաստանի սուվերեն վարկային վարկանիշը «Baa3» մակարդակից իջեցրել էր մինչև «Ba1» սպեկուլյատիվ կամ «աղբային» մակարդակի` բացասական կանխատեսմամբ: Գործակալությունն իր որոշումը պայմանավորել էր Ուկրաինայում շարունակվող ճգնաժամով, ինչպես նաև նավթի գների անկմամբ: Փետրվարի 25-ին Moody’s-ն իջեցրել է ռուսաստանյան վեց բանկերի ու Ռուսաստանում եվրոպական վեց բանկերի «դուստրերի» վարկանիշերը:

Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը հայտարարել է, որ Մոսկվան, հնարավոր է, հրաժարվի միջազգային վարկանիշային գործակալությունների հետ պայմանագրերից: Ստորչակի խոսքով՝ «տվյալ իրադրության մեջ նրանց հետ շփումներն անիմաստ են»: Պաշտոնյան ընդգծել է, որ գործակալությունները կարող են «ցանկացած վարկանիշ շնորհել Ռուսաստանին, սակայն տարօրինակ է, որ նրանց գործողությունների դիմաց վճարում է Մոսկվան»: Երկրին սուվերեն վարկային վարկանիշի շնորհումը վճարովի ծառայություն է:

Ավելի վաղ Ռուսաստանի սուվերեն վարկային վարկանիշը աղբային մակարդակի էր իջեցրել նաև Standard & Poor’s գործակալությունը: Երրորդ խոշոր վարկանիշային գործակալությունը՝ Fitch-ը, Ռուսաստանին շնորհում է BBB- սահմանային վարկանիշ՝ բացասական կանխատեսմամբ:

Մեկնաբանել