Կարտոֆիլներ կառավարության առջև. կանայք գյուղնախարարից ներողություն են պահանջում

Screen shot 2015-02-26 at 1Փետրվարի 26-ին մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ իրենց բողոքը հայտնելու գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ կանանց կարտոֆիլի հետ համեմատելու նրա արտահայտության համար:

Փետրվարի 25-ին Շիրակի մարզի բնակիչների հետ գյուղմթերքի իրացման թեմայով հանդիպման ժամանակ նախարարն ասել էր. «Պահում, պահում, պահում եք, հետո նոր, երբ որ պետք է ձեզ, ասում եք` արի: Էն էլ ասում է` արդեն էլ չեմ վերցնում: Փչացրել ես: Երբ որ գնորդը գալիս է, պետք է ապրանքդ տաս: Էն որ էդպիսի խոսք կա` աղջկա ուզողը գալիս  է, պետք է տաս»:

Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ գյուղնախարարը ներողություն  խնդրի կանանցից: Նրանք կառավարություն էին եկել կարտոֆիլով լի զարդարված սկուտեղով, ձեռքներին կարտոֆիլ: Մասնակիցների ձեռքին կային նաև պաստառներ՝ «Պահանջում ենք ներողություն խնդրել ՀՀ բոլոր աղջիկներից», «Նախարա՛ր, կարտոֆիլն ու աղջիկը իրարից չես տարբերում», «Ձեր աղջիկը լսե՞լ է Ձեր ասածը» և այլ գրություններով:

ՍիվիլՆեթի հետ զրույցում ակցիայի մասնակիցները նշեցին, որ բարձրաստիճան պաշտոնյան հրապարակային նման հայտարարություն անելու իրավունք չունի ՝ անկախ իր անձնական կարծիքից, քանի որ ներկայում «ամբողջ աշխարհը գնում է գենդերային իրավունքների հավասարեցման ճանապարհով, և անընդունելի է նման հայտարարությունը»: