Կիպրոսն իր նավահանգիստները կբացի ռուսական ռազմանավերի համար

Նիկոս Անաստասիադիս և Վլադիմիր Պուտին Նիկոս Անաստասիադիսը և Վլադիմիր Պուտինը:

Կիպրոսը թույլ կտա ահաբեկչության և ծովահենության դեմ պայքարին մասնակցող ռուսական նավերին մուտք գործել իր նավահանգիստներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիպրացի իր պաշտոնակից Նիկոս Անաստասիադիսի հետ համատեղ մամուլի ասուլիսին: Վերջինս եռօրյա պաշտոնական այցով փետրվարի 25-ին ժամանել է Մոսկվա:

«Դա նախևառաջ մեր նավերն են, որոնք մասնակցում են ահաբեկչության, ծովահենության դեմ միջազգային պայքարին»,- ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ ասել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ Մոսկվան և Նիկոսիան «ընկերություն չեն անում ընդդեմ ինչ-որ մեկի», այլ հանուն իրենց ժողովուրդների համազգային շահերի: Պուտինի կարծիքով՝ ռուս-կիպրական համագործակցությունը «որևէ մեկին չի խանգարում»:

Անաստասիադիսն իր հերթին պարզաբանել է լրատվամիջոցներում հայտնված լուրն այն մասին, որ Կիպրոսում «ռուսական ռազմակայաններ կստեղծվեն»: Տեղեկությունն օրեր անց հերքել էր Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդիսը:

«Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսություն ենք վարում Պաֆոսի շրջակայքում՝ «Անդրեաս Պապանդրեու» ավիակայանում, մարդասիրական բնույթի գործողությունների ժամանակ աջակցության, ինչպես նաև մեր նավահանգիստներ, մասնավորապես, Լիմասոլի նավահանգիստ ռուսական ռազմանավերի մուտքի շուրջ»:

Ռուսական «Նեզավիսիմայա գազետան» գրել է, թե Մոսկվային ընդառաջ Կիպրոսի այս քայլերը շատ տեղին են: Արդեն երկու տարի է՝ Մոսկվան մշտական հիմունքներով Միջերկրական ծովում պահում է մի ամբողջ ռազմածովային միավորում (ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ 10 ռազմանավ), սակայն Ռուսաստանի ռազմածովային ուժերին նոր է հնարավորություն ընձեռվում օրինական ձևով օգտվել Լիմասոլ նավահանգստի ենթակառուցվածքներից:

Պատժամիջոցները ձեռնտու չեն ո՛չ ԵՄ-ին, ո՛չ Ռուսաստանին

Կիպրոսի նախագահը նաև անդրադարձել է Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին:

Նա վստահ է, որ նման սահմանափակումներն ու Մոսկվայի պատասխան գործողությունները բացասաբար են անդրադառնում Կիպրոսի տնտեսության վրա:

«Դեպքերի ցանկացած անցանկալի զարգացում, որն առնչվում է սահմանափակող միջոցներին, բացասաբար է անդրադառնում ինչպես ԵՄ անդամ-երկրների բազմաթիվ ոլորտների, այնպես էլ Ռուսաստանի վրա, ինչն էլ հարվածում է վերականգնման փուլում գտնվող Կիպրոսի տնտեսությանը»,- ասել է Նիկոս Անաստասիադիսը:

***

2012-2013 թթ. Կիպրոսում բանկային ճգնաժամի ընթացքում Ռուսաստանն այդ երկրին 2.5 մլրդ եվրո շտապ վարկ հատկացրեց, հնարավորություն տալով փակել բյուջեի պակասուրդը և սպասարկել արտաքին պարտքը: Ռուս գործարարների համար Կիպրոսը, որպես օֆշորային գոտի, ներդրումների կարևոր հանգրվան է:

Մեկնաբանել