6.5 մլն դրամ` սահմանամերձ գյուղերի բնակիչների աջակցությանը

BarekamavanԿառավարությունը Տավուշի մարզպետարանին 2015թ. առաջին եռամսյակում հատկացնում է մոտ 6.5 մլն դրամ` հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի գնդակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Համապատասխան որոշումը, ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, ընդունվել է գործադիրի փետրվարի 26-ի նիստին:

«Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի և Պառավաքար գյուղերի 134 բնակչի գույքի կորուստն ենք մենք վերակագնում: Բոլորդ գիտեք, որ սահմանամերձ համայնքները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ համայնքների ազգաբնակչությունը որևէ խնդիր չունենա»,- ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ սահմանամերձ համայնքներին աջակցությունը շարունակական է լինելու:

Մեկ այլ որոշմամբ սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու գլխավոր կարգադրիչ են դիտարկվել մարզպետարանները, իսկ ոռոգման ջրի վարձավճարի մասնակի փոխհատուցման գլխավոր կարգադրիչ՝ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն: Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ կառավարությունը պարտավորվել է մասնակիորեն կամ ամբողջովին փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակիչների հոսանքի, գազի, ջրի ծախսը, ինչպես նաև գույքահարկը: Այդ նպատակով հատկացվում է 928 մլն դրամ:

***

2014թ. կառավարությունը Ազգային ժողովին ներկայացրեց օրենսդրական երկու փաթեթ, որոնք միաձայն ընդունվեցին նոյեմբերին: 2015թ. հունվարի 1-ից այդ օրենքները երեք տարով մտել են ուժի մեջ: Ընդունված օրենքներից մեկով Ադրբեջանին սահմանամերձ 31 համայնքների բնակիչների համար կսուբսիդավորվի էլեկտրաէներգիայի, գազի և ոռոգման ջրի ծախսերը, և նրանք ամբողջությամբ կազատվեն հողի հարկ և գույքահարկ վճարելուց: Երկրորդ օրենքով` սահմանամերձ այդ 31 համայնքներում իրականացվող տնտեսական գործունեությունը` արտադրության կազմակերպումը, գրեթե ամբողջովին ազատվում է հարկերից:

Համայնքները, որոնց վրա տարածվում է օրենքը, հետևյալն են․

Արարատի մարզում՝ Երասխ,

Գեղարքունիքի մարզում՝ Վահան, Ճամբարակ,

Վայոց ձորի մարզում՝ Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնվաբերդ, Բարձրունի,

Տավուշի մարզում՝ Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան (Իջևանի շրջ.), Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Այգեհովիտ, Վերին Կարմիրաղբյուր: