Սփյուռքը գիտի, որ Թուրքիայի հայերը վախի մեջ են ապրում. Արսինե Խանջյան

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը «Սեր & մի ուրիշ աշխարհ» միջազգային կինոփառատոնի 2015թ. ժյուրիի երեք անդամներից մեկն է և այդ նպատակով այցելել է Ստամբուլ: «Ակօս» թերթի հետ զրույցում հայտնի դերասանուհին ներկայացրել է իր պատկերացումները Թուրքիայի հայերի և թուրքերի մասին, խոսել Հայոց ցեղասպանության և հայկական սփյուռքի առանձնահատկությունների մասին: Նա կարևորել է Սիվիլիթաս հիմնադրամի և «Անադոլու Կուլտուրի» կազմակերպած «Սարն ի վեր» ծրագիրը, որն օգնել է իրեն ավելի լավ ճանաչել Թուրքիայի հայությանը: Հարցազրույցը թարգմանաբար և կրճատումներով ներկայացված է ստորև:

Երբ ժամանում էիք Թուրքիա, ասում էիք, որ սկզբում մշտապես լարված եք լինում, այս անգա՞մ էլ է այդպես:

Թուրքիա կատարած հինգերորդ, իսկ Ստամբուլ՝ երրորդ այցելությունս է: Առաջին այցելությունս պլանավորած չէր, անգամ երազել չէի կարող, որ կլինեմ այստեղ: Թուրքիայից հեռու էի մնում, քանի որ չէի կարողանալու ասել այն, ինչ մտածում էի, ինձ նեղված էի զգալու, ինքս ինձ նման չէի լինելու: Ինձ համար, սակայն, երրորդ այցելությունը չափազանց զգացմունքային էր:

Սիվիլիթաս հիմնադրամի և Անադոլու Կուլտուրի «Սարն ի վեր» կոչվող ծրագրի շրջանակում Ֆեթհիյե Չեթինի («Մեծ մայրս» հուշագրական վեպում պատմում է իր հայ տատի մասին-ՍիվիլՆեթ) հետ դեմ առ դեմ նստել և զրուցում էինք մեր հայկականության մասին: Հանդիպումն անչափ կարևոր էր ինձ համար. առաջին անգամ հանդիպել էի «թուրքի», որը սեփական կամքով կասկածի տակ է դնում իր թուրք լինելը: Թուրքերն, ամեն առավոտ արթնանալով, հասկանում են, թե ինչ է նշանակում թուրք լինել և իրենց թրքությունը կասկածի տակ դնելու անհրաժեշտություն չեն զգում: Մինչդեռ Թուրքիայի պատմությունը թեկուզ մեկ անգամ պետք է նման հարցի պատճառ դառնա: Ես տեսա պետության կողմից սահմանված թրքության շրջանակից դուրս եկած մարդու փորձառությունը:

Առաջին այցելությունից մինչ օրս «թուրքի» ձեր ընկալումներում ի՞նչ է փոխվել:

Թուրքերի հետ դեմառդեմ խոսելու հնարավորություն ունեցա և հասկացա, թե ինչու է թուրք ժողովուրդը Ցեղասպանությանը նման կերպ մոտենում: Տեսա, որ թուրքերը չգիտեն սեփական պատմությունը: Թուրքիայում մատուցվում է Ցեղասպանության ժխտման հիման վրա ձևավորված և իրականության թելը կտրած պատմություն, որը խոչընդոտում է Հայոց ցեղասպանության հետ առերեսումը: Հասկանում եմ՝ շատ դժվար է. ձեզ մեղադրում են անցյալի համար, մի անցյալի, որ ձեզ այլ կերպ է մատուցվել և դուք դրա վերաբերյալ նույնիսկ տարրական պատկերացում չունենք:

Սփյուռքից դիտելիս՝ ինչպիսի՞ն են Թուրքիայի հայերը:

Մեծացել եմ՝ իմանալով, որ Թուրքիայի հայերից շատ բան չես կարող ակնկալել: Սփյուռքը գիտի, որ Թուրքիայի հայերը վախի մեջ են: Այնպիսի վախ է, որ այն, ինչ մենք անում ենք Սփյուռքում, նրանք չեն կարող անել Թուրքիայում, նրանց ձեռքերն ու ոտքերը կապված են, նրանք ճնշման տակ են:

Սակայն 2013թ. ապրիլի 24-ին, երբ եկա Թուրքիա՝ մասնակցելու անցկացվող ոգեկոչման արարողությանը, չէի մտածում, որ նման բանի ականատես կլինեմ: 1915 թվականից մինչ օրս կատարվածի համար հաշիվը պահանջելիս, մոռանում ենք նշել մի շատ կարևոր բան. Սփյուռքը կորցրել է կապը Թուրքիայի հայության հետ: Եթե կորցնենք մեր ժառանգականությունը, լեզուն, մշակույթը, սովորությունները, Թուրքիայում մնացած հայության հետ շփումներ հաստատելով՝ կարող ենք վերականգնել այն:

Թուրքիայում ապրում են իսլամացված և իրենց հայ լինելու մասին չիմացող և ընդհակառակը՝ իրենց հայ համարող մարդիկ: Վերջին այցելության ընթացքում սկսեցի հասկանալ, թե ինչ է նշանակում թուրքահայ լինել Ստամբուլի պես վիթխարի քաղաքում: Չեմ կարող ասել՝ ամբողջովին հասկացել եմ, սակայն առնվազն սկսել եմ հասկանալ:

Իսկ Սփյուռքը բացարձակ չի՞ վախենում:

Սփյուռքը Ցեղասպանությունից մի հնարով փրկվածների մոխիրներից հառնեց: Ցեղասպանությունից մազապուրծ՝ Մերձավոր Արևելք հասած կանայք և երեխաները, մահացածների և կորսվածների մոխիրներից ստեղծեցին Սփյուռքը: Նրանք վախին հաղթել էին, նրանց համար վախը նշանակություն չուներ: Նրանց համար ապրելն էր կարևոր: Եվ կյանքին դիմագրավելու համար հավատացած էին, որ ինչքան ուժեղ լինեն, այնքան ավելի շատ կկարողանան անել այն, ինչ անհրաժեշտ է:

Հինգ տարեկանում լիբանանյան որբանոցում ապաստանած պապս ուժեղ երեխա չէր: Չի կարող ուժեղ երեխա լինել մեկը, որի աչքի առջև կացնով կտրել են հոր գլուխը: Մեր աշխարհայացքն էլ ձևավորվեց այդ ամենի շուրջ. մենք հաղթել ենք մահվանը, կենդանի ենք մնացել, այժմ եկել է ուժեղ լինելու ժամանակը: Խիզախությունը Սփյուռքում փոխանցվում է սերնդեսերունդ, վախն անընդունելի երևույթ է:

Սփյուռքի խիզախության և քայլերի պատճառով տուժո՞ւմ է Ստամբուլի հայությունը:

Ֆեթհիյե Չեթինի հետ «Սարի ի վեր» ծրագրի շրջանակում ներկաներից մեկն ասաց. «Սփյուռքի արածների պատասխանը այստեղ մենք ենք տալիս»: Անչափ վիրավորվեցի՝ լսելով նման արտահայտություն, արյունս սառեց, հատկապես, որ դա ասում էր հայ մարդը: Սակայն ժամանակի ընթացքում հասկացա Թուրքիայի հայության իրական վիճակը. ձայն չբարձրացնել, չխախտել հավասարակշռությունն ու համեմատական ներդաշնակությունը: Եթե Թուրքիայի հայերը իրենց խաղաղությունը գտել են լռելյայն վարելով իրենց կյանքը, մեր ապրելու և հարատևելու ճանապարհն ավելին է, քան սոսկ «մենք այստեղ ենք ապրում» արտահայտությունը: Հակառակ դեպքում դատապարտված ենք կորստյան: Մենք չենք ուզում անհետանալ Սփյուռքում, մենք կորսվելու իրավունք չունենք. մենք զոհերի ժառանգներն ենք:

Ի՞նչ են անելու հայերը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո:

100-րդ տարելիցի արարողությունները կյանքի են կոչվում պատմությունը կենդանի պահելու համար: Երբ գա 101-րդ տարին՝ շարունակելու ենք անել նույնը, շարունակելու ենք աշխատանքը: Հասել ենք մի կետի, երբ վերջապես կարող ենք խոսել Թուրքիայի քաղաքացիական հանրության հետ: 50 տարի առաջ Ցեղասպանության մասին չէինք խոսում: Սակայն հիմա այդպես չէ: Եվ սա այն գլխավոր պատճառներից մեկն է, որի համար կարևորում եմ հիշատակման արարողությունները:

Մեկնաբանել