Սերգո Կարապետյանը ներողամտություն է հայցում

Sergo-KarapetyanԳյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 26-ին հանդիպել է կառավարության շենքի առջև հավաքված ակցիայի մասնակիցներին և ափսոսանք է հայտնել, որ ակամայից իր խոսքը որպես վիրավորանք է ընկալվել: Նա ասել է, որ եթե որևէ մեկին վիրավորել է, ապա հայցում է նրանց ներողամտությունը: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարության մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:

Փետրվարի 26-ին մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ իրենց բողոքը հայտնելու գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ կանանց կարտոֆիլի հետ համեմատելու նրա արտահայտության համար:

Փետրվարի 25-ին Շիրակի մարզի բնակիչների հետ գյուղմթերքի իրացման թեմայով հանդիպման ժամանակ նախարարն ասել էր. «Պահում, պահում, պահում եք, հետո նոր, երբ որ պետք է ձեզ, ասում եք` արի: Էն էլ ասում է` արդեն էլ չեմ վերցնում: Փչացրել ես: Երբ որ գնորդը գալիս է, պետք է ապրանքդ տաս: Էն որ էդպիսի խոսք կա` աղջկա ուզողը գալիս  է, պետք է տաս»: