Առաջարկվում է շրջանառության հարկ վճարելու շեմը բարձրացնել 113.4 մլն դրամի

MHM92983 Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ, հունվարի 30, 2015թ.:

Կառավարությունն առաջարկում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը սահմանել 113.4 մլն դրամ, ներմուծել շրջանառության հարկով հարկման նոր կառուցակարգ: Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ` գործադիրը Ազգային ժողով է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը:

Ներկայում շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը 58.35 մլն դրամ է:

***

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով առաջարկվում է տարեկան 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս՝ նրանց, սակայն, պարտավորեցնելով գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

Օրենքը, որը վարչապետ Հովիկ Աբրահամյանի վստահեցմամբ, ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, պետք է ուժի մեջ մտներ 2014թ. հոկտեմբերի 1-ին: Սակայն այն առաջացրել էր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը, և նախքան դրա ուժի մեջ մտնելը նրանք բողոքի ցույցեր էին անցկացրել նաև 2014-ին: Արդյունքում փոքր ու միջին բիզնեսին ներկայացվող գույքագրման պահանջը երկարաձգվել էր մինչև 2015թ. փետրվարի 1-ը:

Հունվարին փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները վերսկսեցին բողոքի ցույցերը   կառավարության շենքի դիմաց, և պարտադիր փաստաթղթավորման պահանջը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը: