Լիազորված և ֆինանսավորված էթնիկ զտումներ. Շահան Գանտահարյան

Shahan-Kandaharian213Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Լիազորված և ֆինանսավորված էթնիկ զտումներ» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Հյուսիսային Սիրիայում ասորի համայնքի նկատմամբ իրականացված առևանգման, բռնության և բռնագաղթի գործողությունները թարմացնում են Հյուսիսային Իրաքում, հատկապես եզդիների և ընդհանրապես ասորի համայնքի տարբեր դավանական խմբերի դեմ գործադրված պատկերների հիշողությունը:

Սրանք բոլորը Էթնիկ զտման ժամանակակից ամենավառ օրինակներ են, որոնք տեղի են ունենում ահաբեկչության դեմ իբրև թե աննահանջ պատերազմ հայտարարած միջազգային ընտանիքի երևութապես և հայտարարողական մակարդակի վրա դատապարտանքի, ըստ էության, սակայն քաղաքական կրավորականության փաստերի դիմաց:

Դրանք տարածաշրջանային իրողական սահմանագծումներին ծառայող միջոցներ են, և խորքում Իսլամական պետություն խմբավորումը շարունակում է իբրև ամենաազդեցիկ գործիք իրականացնել աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվող ծրագիրը:

Հստակ է, որ առաջադրանք-հանձնարարական է տրվել Միջին Արևելքի ապաքրիստոնեացման օրակարգը: Այն ինչ որ պատահեց Իրաքում, այն ինչ որ պատահում է Սիրիայում, այն ինչ որ տակավին պատահեց եգիպտացի ղպտի ազգաբնակչությանը, կարելի է դիտարկել այդ առաջադրանքի տրամաբանության պարունակում:

Զուգահեռ, ժողովուրդները խուճապահարության մատնելը, որդեգրվել է իբրև միջոց հավելյալ թափ տալու տարածաշրջանի քրիստոնեաթափման քաղաքականությանը: Այս գործընթացների դեմ միջազգային ընտանիքի ձեռնարկած քայլերը ոչ միայն սահմանափակ են, այլ հետզհետե համոզում են, որ տարածաշրջանի դիմափոխման և երկրների սահմանափոխման այս եղելությանն ընդհանուր համաձայնություն է տրվել:

Հավաքական գլխատումների, ողջակիզումների, զանգվածային գնդակահարումների և գազանային վայրագությունների խուճապահարությունը տեղահանվող և հալածվող ազգաբնակչությունների մոտ մթագնում են իրենց բնօրրաններին կառչած մնալու հեռանկարները և փախստականի ու գաղթականի կարգավիճակներն են զարգացնում շատ արագ կշռույթներով:

Այստեղ ավելի համոզիչ է դառնում աշխարհաքաղաքական ծրագրի առկայությունը: Նույն դատապարտող, բայց հիմքում հակազդելու առումով կրավորականությամբ հատկանշվող պետությունները իրենց դռները լայն բացում են և գաղթականների համար հատուկ դյուրություններ են ընձեռում տեղահանվողներին և տեղահանման վտանգի տակ գտնվող ժողովուրդների համար: Տակավին, եթե հավաստի նկատենք Իսլամական պետության ռազմական օժանդակություն փոխադրող բրիտանական օդանավերի վարկածը, արդեն կրավորականության տեսությունից ավելին անցած կլինենք։

Շարժառիթների, միտումների և ընթացքների մասին մեկնաբանություններն ու վերլուծումները կարող են տարատեսակ լինել: Փաստը մնում է փաստ, որ տարածաշրջանում տեղի են ունենում իրողական սահմանագծումներ, տեղահանություններ, խուճապահար գործողություններով բռնագաղթի նոր ալիքների մակընթացություններ:

Սիրիական տարածքում Անկարայի իրականացրած վերջին գործողությունը խոսուն ձևով ընդգծում է Իսլամական պետություն-Անկարա արդեն իսկ զարգացած համագործակցության փաստը: Նորօրյա ահաբեկչական ալիքի բարձրացման մեջ Անկարայի պատասխանատվությունը մատնացույց չանելու միջազգային մոտեցումը պարզապես հավելյալ համոզող նախադրյալ է իսլամության անվան տակ աշխարհաքաղաքական օրակարգի իրականացման գործին լծված խմբավորումների ուղղակի-անուղղակի պատվեր կատարելու իրականության:

Հայկական ոսպնյակը շատ զուգահեռներ կարող է նկատել և ցույց տալ 100 տարի առաջ մեր ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության, տեղահանության և այսօր միևնույն պետության կողմից լիազորված և ֆինանսավորված խմբավորումների կողմից իրագործվող տարածքների էթնիկ զտումների, բռնագաղթերի և ժողովուրդների տեղահանությունների միջև: