Ասորական պատմամշակութային ժառանգությունը՝ «Իսլամական պետության» թիրախ

Mosul«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները փետրվարի 26-ին հրապարակել են տեսանյութ, որում ոչնչացվում են ասորական մշակույթի հնագույն նմուշներ:

Associated Press-ի հաղորդմամբ՝ դրանցից մեկը մ.թ.ա. 9-րդ դարին վերագրվող Նինվեից թևավոր ցուլի քանդակն է, որը համարվում էր շումերա-աքքադական սրբություն: Տեսանյութում երևում է, թե ինչպես են բարբարոսները ոչնչացնում ասորական մշակույթի գլուխգործոցները:

Մասնագետների գնահատմամբ՝ հնագույն նմուշների ոչնչացումն անդառնալի կորուստ է համաշխարհային մշակույթի համար:

«Դա ոչ միայն Իրաքի մշակութային ժառանգությունն է, այլև ամբողջ աշխարհի: Դրանք անգնահատելի են, եզակի: Չեմ կարող հավատալ, որ նման բան կարող էր տեղի ունենալ»,- Reuters գործակալությանն ասել է իրաքցի հնագետ Լամիա Գայլանին:

«Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող տարածքում կա մոտ երկու հազար հնություն, որոնց թվում նաև՝ գրքեր: Ջիհադականները դրանք նույնպես ոչնչացնում են՝ որպես իսլամին հակասող:

Տարեսկզբին իսլամիստները թալանել էին Մոսուլի կենտրոնական և Մոսուլի համալսարանի գրադարանները: Բարբարոսները մշակութային ցանկացած հուշարձան համարում են հերետիկոսական և ոչնչացման ենթակա:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտում է

ՅՈՒՆԵՍԿՕ-ն (Միավորված Ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն) իր վրդովմունքն է հայտնել Մոսուլում տեղի ունեցածի առթիվ:

Կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան դատապարտել է «հազարամյա պատմության և մշակույթի վրա կանխամտածված հարձակումը»:

«Այս հարձակումը ավելի է, քան մշակութային ողբերգություն, դա նաև անվտանգության հարց է, քանի որ այս ամենը Իրաքում հրահրում է կրոնական պառակտում, բռնի ծայրահեղականություն ու հակամարտություն: Դա ուղղակիորեն խախտում է Անվտանգության Խորհրդի վերջին՝ 2199 բանաձը, որը դատապարտում է մշակութային ժառանգության ոչնչացումն ու սահմանում պարտադիր իրավական ուժ ունեցող միջոցներ՝ Իրաքից և Սիրիայից մշակութային օբյեկտների ապօրինի դուրսբերման և վաճառքի դեմ»,- ՄԱԿ-ի լրատվական կենտրոնի հաղորդմամբ՝ ասել է Բոկովան:

Այդ կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում է ընդունել ուղղակիորեն դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ Անվտանգության Խորհրդի՝ Իրաքում իրադրության հարցով արտահերթ նիստ գումարելու կոչով:

***

«Իսլամական պետության» (նախկինում՝ «Իրաքի և Սիրիայի Իսլամական պետություն», ISIS) ահաբեկիչները անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին Սիրիայում՝ Դեր Զորում, պայթեցրել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Յուրաքանչյուր տարի՝ ապրիլի 24-ին, Սիրիայից և հարևան երկրներից հազարավոր հայեր հավաքվում էին Դեր Զորում՝ ոգեկոչելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։

Վանդալիզմի այս դրսևորման կապակցությամբ հայտարարությամբ էր հանդես եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ կոչ անելով միջազգային հանրությանը խստորեն դատապարտել եկեղեցու պայթեցումը: Ահաբեկիչների այդ գործողությունը դատապարտել էին նաև Մայր Աթոռը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:

Մեկնաբանել