Հայաստանում միջազգային ներդրումային համաժողով կանցկացվի

11801_am_1Հայաստանում հոկտեմբերին տեղի կունենա «Միջազգային բիզնես և պատասխանատու ներդրումներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում» ներդրումային համաժողով, որն անցկացվելու է Մշակութային դիվանագիտության ինստիտուտի կողմից:

Փետրվարի 27-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ինստիտուտի գործադիր տնօրեն և հիմնադիր Մարկ Դոնֆրիդին, որի հետ քննարկել է համաժողովին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Նախատեսվում է, որ համաժողովին կմասնակցեն տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր: Համաժողովի շրջանակում տեղի են ունենալու թեմատիկ քննարկումներ, կլոր սեղաններ, մշակութային և սոցիալական միջոցառումներ:

Մշակութային դիվանագիտության ինստիտուտը, որի գրասենյակները գտնվում են Բեռլինում և Վաշինգտոնում, ոչ կառավարական կազմակերպություն է, որն ստեղծվել է 1999թ.: Կազմակերպության նպատակն է նպաստել միջազգային խաղաղության և կայունության ամրապնդմանը՝ բոլոր մակարդակներում միջմշակութային հարաբերությունների ամրապնդմամբ: Վերջին տասնամյակում ինստիտուտը դարձել է Եվրոպայի նմանատիպ ամենախոշոր կազմակերպություններից մեկը:

Մեկնաբանել