Անհավասար պայմաններ` ՄԻԵԴ դատավորի մրցույթում

vahe-grigoryan1-640x344Փետրվարի 27-ին Երևանում շարունակվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթը։ Մրցույթին մասնակցեց 14 թեկնածուներից վերջին 6-ը, որոնց թվում էր նախորդ մրցույթում չորրորդ հորիզոնականը զբաղեցրած փաստաբան Վահե Գրիգորյանը։ Վերջինիս հարցազրույցը մյուս թեկնածուների հետ ունեցած հարցազրույցների համեմատ աչքի ընկավ առանձնակի ծանրությամբ։ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթ իրականացնող հանձնաժողովը հարցախեղդ արեց Վահե Գրիգորյանին. մի բան, ինչը տեղի չունեցավ մյուս թեկնածուների դեպքում։

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Վահե Գրիգորյանին հարցրեց, թե որոնք են Հայաստանի դատաիրավական համակարգի երեք հիմնական խնդիրները։ Հարցին Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ Հայաստանի դատաիրավական համակարգի առաջին և հիմնական խնդիրը դատական իշխանության անկախության բացակայությունն է, երկրորդը՝ դատավորների սերնդափոխությունը, երրորդը՝ փաստաբանական ինստիտուտի՝ որպես դատական իշխանության համակարգից դուրս եղած օղակի ընկալումը դատական և գործադիր իշխանությունների կողմից։

Հայաստանի օմբուդսմեն, հանձնաժողովի անդամ Կարեն Անդրեասյանն էլ Վահե Գրիգորյանից հետաքրքրվեց, թե որոնք են ամենաանարդար, ամենա ոչ ժողովրդավարական և ամենախտրական իրողությունները Հայաստանի քսանչորսամյա պատմության մեջ։ Գրիգորյանը նշեց, որ ամենա ոչ ժողովրդավարական իրողությունը ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակի չհրապարակումն է, որը զարգացող ժողովրդավարական երկրների համար կատարեց նորածնին զսպաշապիկ հագցնելուն համարժեք գործառույթ։

Ըստ նրա` ամենաանարդար իրողությունը Հյուսիսային պողոտայի բնակիչների բնակարանները պետության կարիքների համար օտարելու գործընթացն էր, սակայն ոչ բուն օտարման, այլ դատարաններում քաղաքացիների ոտնահարված իրավունքների անպաշտպան ու արդեն երկրորդված ոտնահարումը։

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի խոսքով՝ խտրականության ամենացայտուն դեպքը իշխանության խտրական գործողություններն էին 2008-ի նախագահական ընտրություններին նախորդած և հաջորդած հատվածում հիմնված մարդկանց քաղաքական հայացքների վրա։

Հարցին, արդյոք Հայաստանը կարողանում է ՄԻԵԴ-ը որպես մարդու իրավունքների պաշտպանության հարթակ արդյունավետ օգտագործել, Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ Հայաստանն այս առումով բավականաչափ անելիքներ դեռ ունի։

Սիվիլնեթի հարցին՝ եթե ստանձնեք ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնը, կկարողանաք ազդել հարթակն ավելի արդյունավետ օգտագործելու գործընթացի վրա, Գրիգորյանը պատասխանեց այո։

Ի դեպ, հանձնաժողովը չէր հոգացել մասնակիցներին հավասար պայմաններով ապահովելու հարցը: Սպասող թեկնածուներին առնձին սպասասենյակ տրամադրված չէր, և նրանք սպասում էին լրագրողների համար նախատեսված սրահում ու հնարավորություն ունեին լսել իրենց մրցակիցների պատասխանները: Եվ եթե հաշվի առնենք, որ հարցերը հիմնականում կրկնվում էին, ներսում պատասխանողը հայտնվում էր դրսում գտնվողների հետ անհավասար պայմաններում:

***

ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների նոր մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն էր առաջացել հունվարի սկզբին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին ստորագրել էր հրամանագիր, որով ուժը կորցրած էր ճանաչվել «ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» նախագահի 2014թ. հոկտեմբերի 13-ի հրամանագիրը։

2014թ. հոկտեմբերին անցկացված մրցույթի արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ էին ստացել Արմեն Հարությունյանը (նախկին ՄԻՊ), Արա Ղազարյանը և Վիգեն Քոչարյանը, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման նպատակով մրցութային հանձնաժողովի որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացած Վիգեն Քոչարյանը փոխարինվել էր ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած իգական սեռի մասնակցով՝ Նելիկ Հարությունյանով։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի խորհրդատվական խումբը կարծիք էր հայտնել, որ ՄԻԵԴ-ում դատավորի թափուր տեղի համար Հայաստանի կողմից ներկայացված թեկնածուներից մեկը (Նելիկ Հարությունյանը) ոչ ամբողջովին է համապատասխանում «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին: Նկատի ունենալով վերոհիշյալը՝ արտգործնախարարությունը որոշել էր Հայաստանի կողմից ներպետական մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը ԵԽԽՎ չուղարկել:

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի նոր ընտրության հարցազրույցի փուլը մեկնարկել էր փետրվարի 26-ին: Մրցութային առաջին օրը հանձնաժողովի անդամների հարցերին, ի թիվս այլոց, պատասխանել էին նաև նախորդ մրցույթում հաղթող ճանաչված Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Նելիկ Հարությունյանը:

Մեկնաբանել