Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի երիտասարդներին կոչ է անում հայերեն սովորել

hranush-hakobyan-by-gagik-shamshyanՍփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես է եկել կոչով` Սփյուռքում ապրող հայ երիտասարդներին հորդորելով «նոր ավյունով և նոր եռանդով տրվել հայերեն սովորելուն»:

«Սիրելի հայ երիտասարդներ,

Ճակատագրի բերումով դուք այսօր ապրում եք աշխարհի տարբեր երկրներում, մշակութային և լեզվական տարբեր միջավայրերում: Ձեզանից շատերն, անշուշտ, խոսում են հայերեն, և դա հրաշալի է: Ցավոք սրտի, հանգամանքների պարտադրմամբ Սփյուռքում ապրող երիտասարդ սերնդի մի մասը կամ վատ է խոսում կամ ամենևին չգիտի հայերեն, և դա տխուր իրողություն է, որովհետև լեզուն մեր ինքնության ամենակարևոր կռվանն է, ազգային գոյության հիմքը:

Սփյուռքահայ նշանավոր բանաստեղծ և ուսուցիչ Մուշեղ Իշխանը գրել է. «Հայոց լեզուն տունն է հայուն»: Իսկապես, մայրենին մեր տունն է, մեր հայրենիքը, մեր ինքնության հիմքը…

2015 թվականը կարևոր հանգրվան է հայ ժողովրդի համար: Նշելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ մեզանից յուրաքանչյուրն ուզում է իր ներդրումն ունենալ Հայ դատի համար մղվող պայքարում: Այս պայքարում երիտասարդների հիմնական գործը պետք է լինի մայրենին իմանալը, հայերեն սովորելը՝ ի խոնարհում 1.5 միլիոն նահատակների հիշատակի, հազարավոր անթաղ հայերի ոսկորների առջև:

Ուրեմն՝ սիրելի պատանիներ և պարմանուհիներ,

Կոչ ենք անում ձեզ, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը դառնա բեկումնային ձեր մայրենի լեզուն սովորելու առումով, նոր ավյունով և նոր եռանդով տրվեք հայերեն սովորելուն, է՛լ ավելին՝ հայերենը ձեզ համար դարձրեք միմյանց հետ շփվելու, միմյանց հետ հաղորդակցվելու հիմնական լեզուն: Թող դա՛ լինի ձեր հիմնական, իրական ներդրումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման, համայն հայության համախմբման և հզորացման սուրբ գործում:

Մեծ անգլիացի Բայրոնը բանաձևել է. «Աստծու հետ խոսելու միակ լեզուն հայերենն է»:

Ուրեմն իմացե՛ք, խոսե՛ք և հաջորդ սերունդներին փոխանցեք մեր աստվածային հայոց լեզուն»,- ասված է Հրանուշ Հակոբյանի կոչում:

Մեկնաբանել