ԿԲ որոշումն ուղղված չէ որևէ բանկի փակմանը

CB_photo2017թ. հունվարի 1-ից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը բարձրացնելու Կենտրոնական բանկի որոշումն ուղղված չէ որևէ  բանկի փակմանը, կամ բանկերի քանակի նվազեցմանը: Այս մասին ասված է ԿԲ-ի փետրվարի 27-ի հայտարարության  մեջ:

Գլխավոր դրամատունը 2014թ. դեկտեմբերի 30-ին որոշում էր ընդունել, ըստ որի՝ բանկերի (գործող և նոր ստեղծվող) ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 30 մլրդ դրամ՝ ներկայում պահանջվող 5 մլրդ դրամի փոխարեն:

ԿԲ-ն նշում է, որ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման նպատակն է երկարաժամկետ հատվածում Հայաստանի բանկային համակարգի հուսալիության պահպանումը, երկարաժամկետ հատվածում կայունության երաշխիքների ապահովումը և ֆինանսական միջնորդության խորացումը:

«Որոշումը ՀՀ կենտրոնական բանկի երկարաժամկետ քաղաքականության շարունակականությունն է, և արդեն երկու տարի շարունակ այս հարցը պարբերաբար քննարկվել է առևտրային բանկերի սեփականատերերի և ղեկավարների հետ: Վերջիններս պատրաստակամություն են ցուցաբերել և արդեն սկսել են աշխատանքներն այս ուղղությամբ»,- ասված է ԿԲ հայտարարության մեջ:

Կենտրոնական բանկը գործող բոլոր 21 բանկերի հետ կապված որևէ մտահոգություն չունի:

«Հայաստանի բանկային համակարգը կայուն է և համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Ուստի բանկերի հաճախորդները մտահոգվելու կարիք չունեն և բացի իրենց բանկային ծառայությունների բարելավումից այլ բան պետք չէ ակնկալեն»,- նշված է հայտարարությունում:

Ներկայում Հայաստանում գործող 21 բանկերից միայն 5-ն է բավարարում ԿԲ-ի՝ բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի 30 մլրդ դրամի պահանջը, հաշվարկել է 168.am-ը:  Այսպես՝ սեփական կապիտալի մեծությամբ առաջին տեղում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն» է (54.1 մլրդ դրամ)։ Բանկն առաջինն է նաև կանոնադրական կապիտալի չափով` 30 մլրդ դրամ։

Հնգյակի մեջ են «Արդշինինվեստբանկը», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը», «Ամերիաբանկը» և «ՎՏԲ Բանկ Հայաստանը»։