Տիգրան Սարգսյանը հանդիպել է Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի համանախագահի հետ

Tigran_SargsyanԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը փետրվարի 25-ին հանդիպում է ունեցել Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի նորանշանակ համանախագահ, Իլինոյս նահանգի հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ:

Արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` դեսպան Սարգսյանը շնորհավորել է կոնգրեսականին համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն է մաղթել պարտականությունների իրականացման գործում:

Կողմերն անդրադարձել են հանձնախմբի գործունեության օրակարգին, հայ-ամերիկյան տնտեսական և քաղաքական հարաբերություններին, դրանց հետագա ընդլայնման ու ամրապնդման հեռանկարներին և այդ առումով հանձնախմբի դերակատարությանը: Տիգրան Սարգսյանը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը:

Դեսպանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Կարևորվել է ԱՄՆ բարձր մակարդակով մասնակցությունը Հայաստանում և Սփյուռքում կազմակերպվող միջոցառումներին:

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանին և միջազգային արդի խնդիրներ:

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը փետրվարի 13-ին Երևանում տված մամուլի ասուլիսին ասել էր, որ Վաշինգտոնում առայժմ հստակ որոշում կայացված չէ, թե Միացյալ Նահանգների կառավարությունից ով է Հայաստանում մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: