ՄԻԵԴ դատավորի մրցույթն անցել է խախտումներով. դիտորդներ

Փետրվարի 27-ին ավարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթը։ Մրցույթին դիտորդական առաքելություն իրականացնող փաստաբանները լրագրողների հետ զրույցում մտահոգություն հայտնեցին առ այն, որ հանձնաժողովը չի ապահովել մրցույթի ամբողջական և պատշաճ թափանցիկություն։

Փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ լուրջ խոչընդոտներ են ստեղծվել դիտորդական առաքելություն իրականացնող անձանց համար։ Մասնավորապես` դիտորդներին հնարավորություն չեն ընձեռել նախապես ծանոթանալու ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնին հավակնող թեկնածուների անձնական գործերին։ «Առնվազն այն մասով, որ մենք չենք կարողացել նախապես ստուգել` արդյոք այդ մարդիկ բավարարում են թեկնածու հանդիսանալու չափանիշներին, մտահոգիչ է, սակայն անգամ սա չէ հիմնական խնդիրը, այլ այն, որ հանձնաժողովը թույլ չտվեց, որ մենք մասնակցեինք այդ ամփոփիչ նիստին»,- ասաց դիտորդական առաքելություն իրականացնող Սահակյանը: Նրա խոսքով՝ սա բավականաչափ լուրջ խոչընդոտ է, քանի որ սահմանափակվեց իրական դիտորդական առաքելություն իրականացնելու իրենց իրավունքը։

Փաստաբանը նշեց նաև, որ այս խոչընդոտների հետևանքով հանրությունն այդպես էլ տեղեկացված չի լինի՝ ինչպես է առհասարակ այս գործընթացն ընթանում։

Դիտորդական առաքելություն իրականացնող մեկ այլ փաստաբան` «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանն էլ ասաց, որ հանձնաժողովի անդամները, թեև ի պաշտոնե պետք է ապահովեն Սահմանադրությունն ու սահմանադրորեն երաշխավորված իրավունքները, խախտում են Սահմանադրության 27-րդ հոդվածը, քանի որ իրենք չեն կարողանում լիարժեքորեն իրականացնել իրենց հանրային հսկիչի գործառույթը։ «Խախտվում է նաև Սերժ Սարգսյանի 2014թ. օգոստոսի 2-ի հրամանագիրը, ըստ որի՝ հանձնաժողովն իր գործունեության մեջ պետք է առաջնորդվի ընթացակարգի թափանցիկության և հրապարակայնության սկզբունքով։ Սակայն հանձնաժողովի անդամներն ընդամենն առաջնորդվեցին իրենց իսկ ընդունած կարգով, որը հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող վերը նշված փաստաթղթերին»,- ասաց նա։

Կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանն իր հերթին նշեց, որ նախորդ մրցույթի համեմատ էապես նվազեցվել է թափանցիկության և հրապարակայնության շեմը։ «Ի տարբերություն նախորդ մրցույթի՝ հարցազրույցի ընթացքում չհրապարակվեցին լեզվի ստուգման ընթացքում կատարված գրավոր թարգմանությունները»,- ասաց Եգորյանը՝ հավելելով, որ այդպիսով կարելի է պնդել` մրցութի հիսուն տոկոսից ավելին իրականացվել է ոչ թափանցիկ պայմաններում։

Դիտորդները մրցույթի ողջ ընթացքի վերաբերյալ խախտումների մասին հանդես կգան հատուկ զեկույցով։

***

ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների նոր մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն էր առաջացել հունվարի սկզբին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 12-ին ստորագրել էր հրամանագիր, որով ուժը կորցրած էր ճանաչվել «ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» նախագահի 2014թ. հոկտեմբերի 13-ի հրամանագիրը։

2014թ. հոկտեմբերին անցկացված մրցույթի արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ էին ստացել Արմեն Հարությունյանը (նախկին ՄԻՊ), Արա Ղազարյանը և Վիգեն Քոչարյանը, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման նպատակով մրցութային հանձնաժողովի որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացած Վիգեն Քոչարյանը փոխարինվել էր ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած իգական սեռի մասնակցով՝ Նելիկ Հարությունյանով։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի խորհրդատվական խումբը կարծիք էր հայտնել, որ ՄԻԵԴ-ում դատավորի թափուր տեղի համար Հայաստանի կողմից ներկայացված թեկնածուներից մեկը (Նելիկ Հարությունյանը) ոչ ամբողջովին է համապատասխանում «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին: Նկատի ունենալով վերոհիշյալը՝ արտգործնախարարությունը որոշել էր Հայաստանի կողմից ներպետական մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը ԵԽԽՎ չուղարկել:

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի նոր ընտրության հարցազրույցի փուլը մեկնարկել էր փետրվարի 26-ին: Մրցութային առաջին օրը հանձնաժողովի անդամների հարցերին, ի թիվս այլոց, պատասխանել էին նաև նախորդ մրցույթում հաղթող ճանաչված Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Նելիկ Հարությունյանը:

Մեկնաբանել