Մոսկվայի կենտրոնում սպանվել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը, Կրեմլից ոչ հեռու: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրան սպանել են մոտ անցնող մեքենայից: Դեպքի վայրում գտնվել է վեց փամփուշտ, որից չորսը խոցել են զոհին:
Նեմցովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոլեգին քննադատն էր: Նա հատկապես քննադատում էր Պուտինի ուկրաինական քաղաքականությունը:
Փետրվարի 10-ին մի հարցազրույցում նա ասել էր, թե վախենում է, որ Պուտինը իրեն կսպանի:
Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախագահի անունից ցավակցություն է հայտնել Նեմցովի հարազատներին: Ռուսական «Կոմերսանտ ՖՄ» ռադիոկայանի հետ զրույցում Պեսկովն ասել է, որ Նեմցովը որևէ քաղաքական սպառնալիք չէր ներկայացնում Պուտինի համար: «Խորին հարգանք ունենալով Նեմցովի հիշատակի նկատմամբ, պետք է ասեմ, որ նա որևէ քաղաքական սպառնալիք չէր ներկայացնում Ռուսաստանի գործող ղեկավարության և Վլադիմիր Պուտինի համար: Եթե մենք համադրենք Պուտինի, կառավարության վարկանիշն ընդհանուր առմամբ և այլն, ապա Բորիս Նեմցովը միջին վիճակագրական քաղաքացուց մի փոքր էր ավելի»,- ասել է Պեսկովը:
Բորիս Նեմցովը ծնվել է 1959թ.: 1991-1997 թթ. եղել է Նիժնի Նովգորոդրի երկրամասի նահանգապետը: 1997թ. նշանակվել է վառելիքի և էներգետիկայի նախարար, ապա փոխվարչապետ՝ մինչև 1998թ.: 1999-2003 թթ. եղել է Պետական դումայի պատգամավոր:
1998թ. պաշտոնաթողությունից հետո Նեմցովն անդամակցել է մի շարք ընդդիմադիր ուժերի, այդ թվում «Աջ ուժերի դաշինքին», որի հիմնադիրներից էր:
2012թ. Նեմցովը ստեղծել էր «ՌՊՌ Պառնաս» կուսակցությունը («Ռուսաստանի հանրապետական կուսակցություն – Ժողովրդական ազատության կուսակցություն» ):
Նեմցովը հայտնի էր կոռուպցիան և Պուտինին քննադատող իր զեկույցներով, որոնց թվում էին «Պուտին: Արյդունքներ: 10 տարի»-ն և «Պուտին: Կոռուպցիա»-ն:
Ռուսաստանում նա ընդդիմադիր հանրահավաքների և միջոցառումների հիմնական կազմակերպիչներից էր: