Ռուսաստանում ընդդիմությունը մտադիր է սգո երթ անցկացնել

85138_srcՌուսաստանի ընդդիմությունը չեղյալ է հայտարարել մարտի 1-ին նախատեսված «Գարուն» երթը՝ պայմանավորված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությամբ: Այս մասին հայտարարել է «ՌՊՌ Պառնաս» կուսակցության («Ռուսաստանի հանրապետական կուսակցություն – Ժողովրդական ազատության կուսակցություն») առաջնորդներից Միխայիլ Կասյանովը, հաղորդում է ռուսական TASS գործակալությունը: Նեմցովը, որ երթի կազմակերպիչներից մեկն էր, սպանվել է փետրվարի 27-ի ուշ երեկոյան՝ Կրեմլի մոտակայքում:

Մոսկվայի քաղաքային իշխանությունների հետ համաձայնեցված երթը պետք է անցկացվեր քաղաքի հարավ-արևելյան Մարինո շրջանում:

Ընդդիմադիր գործիչները նշում են, որ նոր հանգամանքներում Մարինոյում նախկին կարագախոսներով երթի անցկացումն անհնար է:

«Որոշում է ընդունվել չեղյալ հայտարարել մարտի 1-ի երթը և անցկացնել սգո երթ Մոսկվայի կենտրոնում: Այդ նպատակով մենք արդեն դիմել ենք քաղաքային իշխանություններին»,- ասել է Կասյանովը:

Նեմցովի սպանությանն արձագանքել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ մի շարք այլ երկրների առաջին դեմքեր, քաղաքական-հասարակական գործիչներ, անհատներ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «այս դաժան սպանությունն ունի պատվիրված լինելու բոլոր նախանշանները, և կրում է բացառապես սադրիչ բնույթ»:

Սպանությունը դատապարտել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Սպիտակ տան հայտարարության մեջ Ռուսաստանի իշխանություններին կոչ է արվում «սպանության հանգամանքների արագ և թափանցիկ հետաքննություն անցկացնել և ապահովել, որպեսզի մեղավորները հանձնվեն դատաիրավական համակարգին»:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նեմցովին սպանել են մոտ անցնող մեքենայից: Դեպքի վայրում գտնվել է վեց փամփուշտ, որից չորսը խոցել են զոհին:

Մեկնաբանել