ՀԱԿ-ը դատապարտում է Բորիս Նեմցովի սպանությունը

hak1Հայ ազգային կոնգրեսը փետրվարի 28-ին հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը:

«Հայ ազգային կոնգրեսը խստորեն դատապարտում է Նիժնի Նովգորոդի նախկին նահանգապետ, Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ, հավատավոր դեմոկրատ և ինտերնացիոնալիստ Բորիս Նեմցովի դաժան սպանությունը և խորապես ցավակցում նրա հարազատներին ու ընկերներին։

Կոնգրեսը միաժամանակ վստահություն է հայտնում, որ պատկան մարմիններն ամեն ինչ կանեն ակնհայտորեն քաղաքական մոտիվներով կատարված այդ եղկելի ոճրագործությունը բացահայտելու և նրա պատասխանատուներին արդարադատության առջև կանգնեցնելու համար` նկատի ունենալով, որ այդ ոճրագործությունը, Նեմցովի անձնական ողբերգությունը լինելուց բացի, ծանրագույն հարված է՝ հասցված Ռուսաստանի միջազգային վարկին, ինչը չի կարող չմտահոգել նրա բարեկամ պետությունների հասարակություններին»,- ասված է ՀԱԿ հայտարարությունում:

***

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոլեգին քննադատն էր, սպանվել է փետրվարի 27-ի ուշ երեկոյան Կրեմլի մոտակայքում: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նեմցովին սպանել են մոտ անցնող մեքենայից: Դեպքի վայրում գտնվել է վեց փամփուշտ, որից չորսը խոցել են զոհին:

Փետրվարի 10-ին մի հարցազրույցում Նեմցովն ասել էր, թե վախենում է, որ Պուտինը իրեն կսպանի:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «այս դաժան սպանությունն ունի պատվիրված լինելու բոլոր նախանշանները, և կրում է բացառապես սադրիչ բնույթ»:

Սպանությունը դատապարտել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Սպիտակ տան հայտարարության մեջ Ռուսաստանի իշխանություններին կոչ է արվում «սպանության հանգամանքների արագ և թափանցիկ հետաքննություն անցկացնել և ապահովել, որպեսզի մեղավորները հանձնվեն դատաիրավական համակարգին»:

Ռուսաստանի ընդդիմությունը, պայմանավորված Բորիս Նեմցովի սպանությամբ, չեղյալ է հայտարարել մարտի 1-ին նախատեսված «Գարուն» երթը, որի կազմակերպիչներից մեկն էր հենց Նեմցովը: Փոխարենը որոշվել է Մոսկվայի կենտրոնում անցկացնել սգո երթ: