Գերմանիայում մեկնարկել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

IMG_0303-copyԲեռլինի խորհրդարանի շենքում փետրվարի 26-ին տեղի ունեցած միջոցառումով տրվել է Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Ինչպես հաղորդում են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, միջոցառումը կազմակերպվել էր Գերմանիայում ՀՀ դեսպանության, Բեռլինի խորհրդարանի և Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման հանձնախմբի կողմից:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Գերմանիայի Բունդեսթագի, Բեռլին, Բրանդենբուրգ, Մեկլենբուրգ-Ֆորպոմմերն երկրամասերի Լանդթագերի պատգամավորներ, Գերմանիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Գերմանիայում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ, դիվանագետներ, լրագրողներ, Գերմանիայի հայ, հույն, ասորի, հրեա և ալևի համայնքների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Բեռլինի հայ համայնքի վարչության անդամ Վարդգես Ալյանակը: Ելույթներ են ունեցել Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը, Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդը: Հայոց ցեղասպանությանը նվիրված ծավալուն ելույթով հանդես է եկել Պոտսդամի համալսարանի պրոֆեսոր, «Մոզես Մենդելսոն» կենտրոնի տնօրեն Յուլիուս Շյոպսը:

Հայտնի երաժիշտներ Սերգեյ և Լուսինե Խաչատրյանների ու Կորյուն Ասատրյանի կատարմամբ հնչել են Կոմիտասի, Բաբաջանյանի, Մարչելոյի և Բախի ստեղծագործությունները: