Հունվարին Եգիպտոսում դատարանը ահաբեկչական էր ճանաչել «Համասի» ռազմական թևը` «Կասամի ջոկատները»:
Եգիպտոսում դատարանն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել պաղեստինյան «Համաս» շարժումը, հաղորդում է «Ալ Ջազիրան»:
Հունվարի վերջին մեկ այլ դատարան համանման վճիռ էր կայացրել «Համասի» ռազմական թևի` «Կասամի ջոկատների» նկատմամբ` արգելելով նրանց գործունեությունը:
Եգիպտոսը «Համասին» մեղադրում է Սինայ թերակղզու հյուսիսում իսլամիստներին աջակցելու մեջ:
«Համասը», որը վերահսկում է Գազայի հատվածը, եգիպտական «Մուսուլման եղբայրներ» շարժման ճյուղավորում է. վերջինս ավելի վաղ նույնպես Եգիպտոսում հայտարարվել է ահաբեկչական կազմակերպություն, նրա գործունեությունն արգելվել է:
«Մուսուլման եղբայրների» ակտիվիստները Եգիպտոսում ենթարկվում են մշտական հետապնդումների իրենց առաջնորդներից մեկի` Մուհամադ Մուրսիի` 2013թ. հուլիսի 3-ին զինվորականների կողմից երկրի նախագահի պաշտոնից հեռացվելուց ի վեր: