Պուտինը Նեմցովի մորը խոստանում է գտնել նրան սպանողներին

vladimir-putin_2759865bՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել նախօրեին սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի մորը` Դինա Էյդմանին` խոստանալով, որ «կարվի ամեն բան, որպեսզի ստոր և անամոթ սպանության կազմակերպիչներն ու իրագործողները կրեն արժանի պատիժ»:

«Ընդունեք իմ խոր ցավակցությունն անդառնալի կորստի կապակցությամբ: Անկեղծորեն կիսում եմ Ձեր վիշտը:

Բորիս Նեմցովն իր հետքն է թողել Ռուսաստանի պատմության մեջ, քաղաքականությունում և հասարակական կյանքում: Նրան վիճակվել է աշխատել կարևոր պաշտոններում մեր երկրի համար անցումային դժվար ժամանակահատվածում: Նա միշտ պարզ և անկեղծ հայտարարում էր իր դիրքորոշումը, պաշտպանում էր իր տեսակետը»,- ասված է Պուտինի հեռագրում:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, սակայն, կասկածում է, թե Բորիս Նեմցովի սպանությունը ինչպես հարկն է կհետաքննվի:

Ռուսաստանում կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Նիկիտինի հայտարարությունում ասված է. «Նեմցովի սպանությունը պետք է մանրամասն հետաքննվի, մեղավորները պետք է պատիժ կրեն: Կցանկանա՞ դա համակարգը: Կկարողանա՞ն դա անել ոստիկանությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն, դատարանը` մեծ հարց է»:

Amnesty-իի` փետրվարի 28-ին տարածած հայտարարությունում էլ մտավախություն է հայտնվում, որ Նեմցովը կդառնա ընդամենը ևս մեկ անուն չբացահայտված քաղաքական սպանությունների,- որոնց հետաքննությունը վերցվել է բարձրաստիճան քաղաքական գործիչների «անձնական վերահսկողության» ներքո,- ցուցակում:

Ռուս մեկ այլ հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը ներկայում վարչական պատիժ է կրում մեկուսարանում, կարճ նկատառում է արել իր բլոգում` կարևոր համարելով նշել, որ բացառում է, թե երեկ երեկոյան Բորիս Նեմցովի նկատմամբ արտաքին հսկողություն չի իրականացվել:

«Ելնելով փորձից` չեմ կարող հնարավոր համարել, որ երեկ գիշեր նա կարող էր Կրեմլի մոտակայքում զբոսնել առանց կողմնակի աչքերի»,- գրել է նա:

Ավելի վաղ Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով Նեմցովի սպանությանը, Նավալնին գրել էր. «Սա հրեշավոր ողբերգություն է և կորուստ մեզ բոլորիս համար: Բորյան շատ լավ, պարկեշտ մարդ էր: Մեծ, իրական քաղաքական գործիչ և պարկեշտ մարդ. ոչ նման մեզ հաճախ հանդիպողներին: Իմ անկեղծ ցավակցությունները նրա հարազատներին, մերձավորներին, ընկերներին և ընդհանրապես բոլորին»:

Նա հրաժարվել էր խոսել վարկածների մասին` պայմանավորելով դա իր դեպքում տեղեկատվության ակնհայտ պակասով, և հույս էր հայտնել, որ իրեն կտրվի Նեմցովին վերջին հրաժեշտ տալու հնարավորություն:

***

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոլեգին քննադատն էր, սպանվել է փետրվարի 27-ի ուշ երեկոյան Կրեմլի մոտակայքում: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նեմցովին սպանել են մոտ անցնող մեքենայից: Դեպքի վայրում գտնվել է վեց փամփուշտ, որից չորսը խոցել են զոհին:

Փետրվարի 10-ին մի հարցազրույցում Նեմցովն ասել էր, թե վախենում է, որ Պուտինը իրեն կսպանի:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը փետրվարի 28-ին` ավելի վաղ, հայտարարել էր, որ «այս դաժան սպանությունն ունի պատվիրված լինելու բոլոր նախանշանները, և կրում է բացառապես սադրիչ բնույթ»:

Սպանությունը դատապարտել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Սպիտակ տան հայտարարության մեջ Ռուսաստանի իշխանություններին կոչ է արվում «սպանության հանգամանքների արագ և թափանցիկ հետաքննություն անցկացնել և ապահովել, որպեսզի մեղավորները հանձնվեն դատաիրավական համակարգին»:

Հայ ազգային կոնգրեսը նույնպես փետրվարի 28-ին հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով ռուս ընդդիմադիր գործչի սպանությունը:

Ռուսաստանի ընդդիմությունը, պայմանավորված Բորիս Նեմցովի սպանությամբ, չեղյալ է հայտարարել մարտի 1-ին նախատեսված «Գարուն» երթը, որի կազմակերպիչներից մեկն էր հենց Նեմցովը: Փոխարենը որոշվել է Մոսկվայի կենտրոնում անցկացնել սգո երթ:

Մեկնաբանել