Դիվերսիայի հերթական փորձը, հայկական կողմը երկու զոհ ունի

soldier-killedՓետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով` հետ շպրտել ելման դիրքեր:

Ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:

***

Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով։

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը փետրվարի 6-ին հայտարարել էր, որ «հիմա սահմանին դանդաղ, դիրքային, ականային պատերազմ է»: