Մի շարք քաղաքական ուժեր հարգեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակը

Free DemocratsՄարտի 1-ին մի քանի տասնյակ քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ հավաքվել էին Երևանի Ալեսքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու 2008թ. մարտի 1-ի զոհերին հիշատակին: «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հավաքի պահանջը մեկն է՝ պատասխանատվության ենթարկել «Մարտի 1»-ի գործով մեղավորներին:

«Մարտի 1-ի էջը երբեք չի փակվելու, մոռացության չի մատնվելու»,- ասաց Ալեն Սիմոնյանը, որը որպես «Մարտի 1»-ի գործի բացահայտման հիմնական նախապայման է տեսնում իշխանափոխությունը: Ընդ որում՝ խոսքն, ըստ Սիմոնյանի, ոչ թե ներիշխանական, այլ իրական իշխանափոխության մասին է:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ կարծում է, որ դեպքերի պատասխանատվությունը պետք է ընթանա հետևալ սխեմայով. նախ բացահայտվի՝ ով է արձակել հրամանը, երկրորդ՝ ով է իրագործել: Նրա խոսքով՝ այս հարցերն ուղիղ չեն դրվում, և միայն դրանց ուղիղ դրվելու դեպքում հնարավոր կլինի հասնել բացահայտման:

Հարցին, թե արդյոք ճիշտ չէ՞ր լինի, եթե մեկ միասնական հավաք անեին ՀԱԿ-ի հետ Ազատության հրապարակում, Սեդրակյանը պատասխանեց, որ առանձին հանդես գալու մեջ որևէ խնդիր չկա:

«Դա դեռ 2008-ին տեղի ունեցած բաժանում է՝ գաղափարական, քաղաքական հիմունքներով և շատ-շատ նորմալ կլինի, եթե մարդիկ տարբեր քաղաքական ծրագրերի դավանեն և տարբեր տեսլականներ ունենան»,- ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը մարտի 1-ին` ժամը 15:00-ից, Ազատության հրապարակում համազգային հանրահավաք է անցկացնում: ՍիվիլՆեթը հանրահավաքը լուսաբանում է ուղիղ հեռարձակմամբ: Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ: