Յաշար Քեմալի հիշատակին

yashar-kemalՓետրվար 28-ին Ստամբուլում 92 տարեկան հասակում մահացել է քրդական ծագումով թուրք հայտնի գրող Յաշար Քեմալը։Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ վերջին մեկ ամսում նա վերակենդանացման բաժանմունքում էր:

Յաշար Քեմալի ջանքերի շնորհիվ 1951թ. կասեցվեց Աղթամարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու ոչնչացման թուրքական իշխանությունների ծրագիրը։

Յաշար Քեմալը Հայաստանի կողմից 2013թ. պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով՝ հայ ժողովրդի մշակութային ժառանգության նկատմամբ ունեցած խոր հարգանքի և քաղաքացիական խիզախումի, արդարության, ազատության և մարդկային արժանապատվության արժեքների հանդեպ նվիրումի և գրական վաստակի համար։

Ով է Յաշար Քեմալը

Ծնողները Վանա լճի մոտ գտնվող Արճեշից էին, 1915թ. ռուսաց զորքի Վան մտնելուց հետո հաստատվել են Ադանայում, որտեղ 1923թ. ծնվել է Քեմալը: Իր խոսքերով՝ թուրքմենական գյուղում միակ քրդական ընտանիքի երեխան էր, տանը խոսում էին քրդերեն, դրսում թուրքերեն, հինգ տարեկանում նրա աչքի առաջ գյուղի մզկիթի մոտ սպանում են հորը, և ինքն այդ տարիքից ստիպված սկսել է աշխատել:

1947թ. սկսել է գրել, իր ամենահայտնի «Լղար Մեհմեդ» վեպը, որը մեծ ճանաչում բերեց Քեմալին: Այն թարգմանվել է քառասուն լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն և հայերեն (1975թ.): Թուրքիայի հրեական ծագումով հայտնի թարգմանիչ Թիլդայի հետ ամուսնանալը խորհրդանշական եղավ Քեմալի համար, քանի որ Թիլդան շատ բարձր որակով էր թարգմանում ամուսնու ստեղծագործություները:

1951թ. տեղափոխվելով Ստամբուլ՝ սկսել է աշխատել «Ջումհուրիյեթ» թերթում: 1950-ականներից Քեմալն ավելի լավ էր տիրապետում թուրքերենին, քան ազգությամբ շատ թուրք գրողներ: Նա իր ստեղծագործություններում ներկայացնում էր բնությունը, գյուղական կյանքը, արյան վրեժը, աղաների ու գյուղացիների հողային հակամարտությունը: Քեմալին անվանում են նաև թուրքերեն խոսքի գեներալ, նրա անվամբ մշակութային կենտրոններ են գործում:

Արժանանալով բազմաթիվ մրցանակների Թուրքիայում և արտասահմանում, Թուրքիայում նա քննադատության ենթարկվեց հատկապես 1984թ և 2011թ., երբ ստացավ Ֆրանսիայի «Պատվո Լեգեոն» շքանշանը: Նրան մեղադրում էին ԱՍԱԼԱ-ին աջակցող և Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենք ընդունած Ֆրանսիայի պարգևներն ընդունելու համար:

Այսօր Թուրքիայում շատերն են, որ բացահայտ ասում են, որ չեն կիսում Քեմալի քաղաքական հայացքները, սակայն ընդունում են, որ նա թուրքական արդի գրականություն հիմնասյուներից մեկն է:

Նրա թեկնածությունը բազմաթիվ անգամներ ներկայացվել է Նոբելյան մրցանակի: Օրհան Փամուկի՝ Նոբելյան մրցանակ ստանալուց հետո շատերն այն պայմանավորում էին Հայոց ցեղասպանությունը ճանաչելով և դրա մասին գրելով, նշելով՝ ինչո՞ւ չէր ստանում Նոբելյան մրցանակ Յաշար Քեմալը, որին անվանում են ամենշատ նոբելյան մրցանակ չստացած գրող: Պատասխանը շատ հստակ է. նախ Քեմալի գրականության մեջ թեկուզ անուղղակի որևէ տող չկա Հայոց ցեղասպանության մասին, իսկ Փամուկը իր քաղաքական կեցվածքով և ստեղծագործություններով այս հարցում շատ հստակ է: Երկրորդ, Քեմալը ներկայացնում է քաղաքակրթության և մարդու հարաբերությունները և խնդիրները, իսկ Փամուկը ներթափանցում է մարդու ներքինի մեջ և ի հայտ է բերում անհատի սեփական անձի հետ ունեցած տարաձայնությունները, որի մասին շատերը նույնիսկ չէին խոստովանում: Վերջինը առավել բնորոշ է թուրք մարդու անձնական ներքին տարաձայնությանը մասնավորապես հայկական խնդրում:

Այսօր մեզ համար էլ հարց է, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը չի պարգևատրում Օրհան Փամուկին կամ Էլիֆ Շաֆաքին, որոնք իրենց գործերում ընդգծված տեղ են տալիս հայերի 1915թ. կորուստներին ու ցավերին, որը մինչ օրս մնում է հայի հոգեբանության անբաժան մաս, քանի դեռ թուրքերի կողմից ոչ մի քայլ չի արվում ընդունելու և ճանաչելու Ցեղասպանությունը:

Յաշար Քեմալը պարգևատրվել է Աղթամարի Սբ Խաչ եկեղեցին տեղի բնակիչների կողմից քանդելը կանխելու համար: Չպետք է մոռանալ, որ Քեմալի հաջողությունը պայմանավորված էր իր վանեցի լինելու և տեղացի քուրդ ժողովրդի՝ իր խոսքով առաջնորդվելու հանգամանքով: Կարճ ասած՝ այն ժամանակներում Վանի քուրդ ժողովուրդն «ականջ կախեց» Ստամբուլից իրենց եկեղեցին չքանդելու խնդրանքով դիմող «ավագ եղբորը»:

«Մենք ձեզ ջարդեցինք ու ստացանք ձեր տները, սակայն դրանից հետո մենք էլ հանգիստ շունչ չենք քաշում, ու պետությունը մեզ վերաբերվեց, ինչպես ձեզ էր վերաբերվել, և մենք եղբայրներ ենք»,- քրդերի այս խոսքերից հայերը շոյվում են: Մենք պետք է որոշենք՝ մեզ համար ի՞նչ է նշանակում քրդերի ցեղասպանությունն ընդունելը և ներողություն հայցելը: Մենք հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում ներգրավո՞ւմ ենք քրդերին, ավելին՝ քուրդը մեզ համար լոկ քո՞ւրդ է, թե՞ Թուրքիայի քաղաքացի, որը պատասխանատու է Թուրքիայի Հանրապետության հարյուրամյա քաղաքականության և ապագայի համար:

Մեկնաբանել