Վարդան Պետրոսյանի գործով տուժողները կբողոքարկեն վճիռը

MHM89403Մարտի 2-ին լրանում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ հունվարի 29-ին կայացրած վճռի բողոքարկման ժամկետը։ Այդ դատավճռով դատավոր Վաղինակ Մկրտչյանը դերասան Վարդան Պետրոսյանին դատապարտեց 5 տարվա ազատազրկման։

Գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ այս պահին իրենք դեռ չեն բողոքարկել դատավճիռը, սակայն մինչև օրվա վերջ պատրաստվում են դա անել։ Բալոյանը հայտնեց, որ իրենք վերաքննիչ բողոքում պահանջում են ավելի խիստ պատիժ նշանակել դերասանի նկատմամբ, ինչպես նաև բողոքարկում են առաջին ատյանի դատավճիռը վթարի հետևանքով տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասով։

Տուժող կողմը շուրջ 12 մլն դրամի քաղաքացիական հայց էր ներկայացրել Վարդան Պետրոսյանի դեմ` որպես պատճառված վնասի հատուցում, սակայն Վաղինակ Մկրտչյանը վճռել էր հայցը թողնել առանց քննության։

Հունվարի 29-ին առաջին ատյանի դատավճռի հրապարակումից հետո դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ իրենք որոշել են չբողոքարկել դատավճիռը` անկախ այն բանից՝ ինչ պատժաչափ կորոշեր դատարանը։ Մարտի 2-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ տուժողների կողմից առաջին ատյանի դատարանի դատավճռի բողոքարկումը նպատակաուղղված է Վարդան Պետրոսյանին կալանքի տակ փոքր-ինչ ավելի երկար պահելուն։

«Բողոքարկումը վնաս է ինչպես Վարդան Պետրոսյանին, այնպես էլ տուժողներին: Եթե նրանք չբողոքարկեին, ապահովագրական ընկերությունից կարող էին ստանալ մինչև 3 մլն 300 հազար դրամի չափով փոխհատուցում յուրաքանչյուր զոհված երեխայի համար, ինչպես նաև մինչև 3 մլն 300 հազար դրամի չափով գումար ապահովագրական ընկերությունը կտրամադրեր յուրաքանչյուր տուժողի բուժման համար»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպանը` հավելելով, որ եթե այդ գումարները ապահովագրական ընկերությունից ստանալուց հետո էլ տուժողները Վարդան Պետրոսյանից ունենային դրամական այլ պահանջ, կկարողանային քաղաքացիական հայց ներկայացնել քաղաքացիական դատարան, ինչն ավելի արդյունավետ կլիներ, քան վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկման ընթացակարգը։

Փաստաբան Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ եթե տուժողներն այսօր չբողոքարկեն առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ապա դերասանը 2-3 օրից կկարողանա արդեն գնալ թատրոն, քանի որ առաջին ատյանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրա նկատմամբ պետք է կիրառվի պատժի կրման բաց ռեժիմ, ինչը ենթադրում է, որ պատժի մեծ մասը նա կրում է ազատության մեջ։ Բողոքարկումը, ըստ Բաղդասարյանի, հետաձգում է դերասանի ազատ արձակումը շուրջ մեկուկես ամսով, սակայն եթե այս ընթացքում լինի համաներում, ապա Վարդան Պետրոսյանը կարող է և ավելի վաղ լինել ազատության մեջ։

***

Դերասան Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում էր ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։