60 հոգի «միանգամից մահացել» է Լոս Անջելեսում. բողոքի ցույց

AYF_diein

60 հոգի մեռելի պես պառկած Լոս Անջելեսի կենտրոնում. մարտի 1-ին բողոքի նման ակցիա է անցկացրել ՀՅԴ Երիտասարդական միությունը՝ քաղաքի կենտրոնական Staples Center մարզահամլիրի մուտքի առջև:

ՀՅԴ Երիտասարդական միության տարածած հաղորդագրության համաձայն՝ ակցիայի նպատակը Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ ուշադրության և իրազեկության մեծացումն է եղել: Ցույցը կազմակերպվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:

«Մենք հավաքվել ենք ցույց տալու, որ Օսմանյան կայսրության կողմից հայ ազգն ամբողջովին վերացնելու փորձից 100 տարի անց հայ երիտասարդությունը տոկուն է»,- ասել են Միության ներկայացուցիչները: Ըստ նրանց՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը, պատշաճ չափով լուսաբանված չէ:

Չնայած անձրևոտ եղանակին՝ ակցիայի մասնակիցները Lakers բասկետբոլային ակումբի խաղից հետո, երբ հանդիսատեսը դուրս է եկել փողոց, միանգամից «վայր են ընկել»՝ կարծես հանկարծակի մեռնում են: Ցույցի բոլոր մասնակիցները կրել են #ArmenianGenocide հեշթեգով շապիկներ: Անցորդներից ոմանք միացել են ակցիայի մասնակիցներին՝ պառկելով գետնին:

Միության անդամները լուռ ակցիայից հետո երթ են անցկացրել, մարդկանց իրազեկել Հայոց ցեղասպանության մասին և դրա մասին  բրոշյուրներ բաժանել:

Մարտի 1-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է «Խտրականության բացառման» օր: Այդ օրը ուշադրություն է հրավիրում է միլիոնավոր այն մարդկանց վրա, որոնք շարունակում են լինել նախապաշարումների և անհանդուրժողականության զոհը:

ՀՅԴ Երիտասարդական միության անդամները նշել են, որ Հայոց ցեղասպանության հիմքում ռասիզմն ու խտրականությունն է եղել, և դրա համար մեղավորները դեռ չեն պատժվել: Միությունը կոչ է արել միջազգային հանրությանը լույս սփռել մարդկության դեմ բոլոր հանցագործությունների վրա, որոնք բոլորը տևական խտրականության շրջապտույտի հետևանք են:

Միության «100 օր ակցիա» միջոցառումների շարքը, որ սկսվել է հունվարի 14-ին, ներառում է մեդիա արշավներ, բոյկոտներ, քաղաքական լոբբինգ, ցույցեր, ակցիաներ, մշակութային ու կրթական հավաքներ: Միջոցառումների շարքը կավարտվի ապրիլի 24-ին՝ երթով դեպի Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսություն:

ՀՅԴ Երիտասարդական միությունը բողոքի մեկ այլ ուշագրավ ցույց էր անցկացրել Տորոնոտոյում փետրվարի 27-ին: Շուրջ 70 հոգի ներկայացել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելուն միտված մի դասախոսության: Երբ սկսվել էր դասախոսությունը, հավաքվածները մեջքով էին շրջվել դեպի բանախոսները: