Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է նախաձեռնում

IMG_8784«Քաղաքացիական պայմանագիր» հասարակական-քաղաքական միավորումը հանդիպումների շարք է կազմակերպում՝ Հայաստանում ինստիտուցիոնալ ընդդիմության կայացման վերաբերյալ մի շարք հարցերի պատասխանելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում մարտի 2-ին տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպե՞ս է պատրաստվում իշխանափոխություն անել ինստիտուցիոնալ ընդդիմությունը և ինչ ժամկետներում: Ինչո՞վ է այն տարբերվում «ոչ ինստիտուցիոնալ», «կառուցողական», «պետականամետ», «ծախված», «աշուն-գարուն» ընդդիմություններից:

Ընդդիմադիր ի՞նչ ուժերի հետ է պատրաստվում համագործակցել և ինչու, ո՞ւմ հետ չի պատրաստվում համագործակցել և ինչու: Այս և բազմաթիվ նմանօրինակ հարցեր են շրջանառվում համացանցում և հանրային շրջանակներում:

Ինչպե՞ս կարելի է աջակցել ինստիտուցիոնալ ընդդիմության կայացմանը: Ի՞նչ երաշխիք կա, որ այն հերթական անգամ չի հիասթափեցնի ժողովրդին ու չի ծախվի:

Այս և այլ հարցերին պատասխանելու համար հանդիպումների շարք ենք նախաձեռնում «Քաղաքացիական պայմանագիր» միավորման գրասենյակում»,- գրել է Փաշինյանը:

Մարտի 1-ին Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատել էր մի շարք քաղաքական ուժերի, այդ թվում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությանը: Առաջին նախագահի կարծիքով՝ այդ ուժերը համագործակցում են իշխանությունների հետ:

«Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ բաբելոնյան աշտարակի այս նոր շինարարները վերջապես մեկտեղվեն ու լիովին բացահայտվեն ժողովրդի առջև, որովհետև հետագայում այլևս երբեք նման առիթ չեն ունենա, և Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված»,- ասել էր Տեր-Պետրոսյանը։

Մեկնաբանել